Galaxy S IV-ի մասին պատմող տեսանյութը հայտնվել է համացանցում

Ինտերնետում հայտնվել է հարավկորեական Samsung ընկերության Galaxy S IV սմարթֆոնի մասին պատմող տեսահոլովակը, հաղորդում է Summy Hub-ը:

Սարքավորումն ունի գրեթե նույն դիզայնը, ինչ Galaxy S III-ը, սակայն տարբերվում է 5-դյույմանոց էկրանով:

Չինական 52samsung.com ինտերնետ ֆորումի մի օգտատեր հրապարակել է նոր սմարթֆոնի մասին պատմող տեսահոլովակը` պնդելով, որ նրանում պատկերված է Samsung Galaxy S IV-ը, որի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է 2013թ. մարտի 14-ին Նյու Յորքում:

Samsung Galaxy S IV-ն ունի 1800 ՄՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր, 5-դյույմանոց էկրան: Հրապարակման հեղինակի հավաստմամբ` իր ձեռքում է հայտնվել Galaxy S IV-ի նախագծային օրինակը, որն ունի երկու SIM քարտի հնարավորություն և նախատեսված է չինական շուկայի համար: Մոդելի համարանիշն է GT-I9502:

Summy Hub-ի հաղորդմամբ` տեսահոլովակի այս արտահոսքը Samsung-ը միտումնավոր է արել` լրատվամիջոցներին շփոթության մեջ գցելու համար: Ընկերությունն այս կերպ էր վարվել նաև Galaxy S III սմարթֆոնի շնորհանդեսից առաջ:

Համաձայն SamMobile-ի տվյալների` նոր սմարթֆոնն ունի AMOLED տեխնոլոգիայով պատրաստված green PHOLED անվամբ էկրան, որը գույները նախորդից 25%-ով ավելի արդյունավետ է հաղորդում: Այս առավելությունը հնարավորություն կտա երկարաձգել սմարթֆոնի ավտոնոմ աշխատանքի տևողությունը:

Մեկնաբանել