Հռոմի Պապն ընտրվել է

Րոպեներ առաջ Վատիկանում կոնկլավն ընտրել է Հռոմի նոր՝ 266-րդ Պապին: Սիքստինյան կապելլայի տանիքից սպիտակ ծուխ է բարձրանում, հաղորդում է BBC-ն:

Նշենք, որ Վատիկանի Սիքստինյան կապելլայում հավաքվել է 115 կարդինալ, որ ներկայացնում է շուրջ 1.2 մլրդ կաթոլիկների: Պապի ընտրություններն, ըստ կարգի, ընթանում էին արտաքին աշխարհից լիովին մեկուսացած պայմաններում:

Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանար ձայների երկու երրորդը, այս անգամ` 77 կարդինալի ձայն:

Բացարձակ առաջատար չկար, մամուլը ֆավորիտ էր համարում երեք կարդինալի՝ իտալացի կարդինալ Անջելո Սկոլաին, բրազիլացի Ադիլո Շերերին և կանադացի Մարկ Ուելլեին, բուքմեյքերների գնահատմամբ՝ ամենահավանական թեկնածուն Գանայի սևամորթ կարդինալ Փիթեր Թերքսոնն էր:

Հիշեցնենք, որ նախորդ Պապը՝ Բենեդիկտոս 16-րդը, հրաժարվել է կաթոլիկ եկեղեցու հովվապետությունից անցյալ ամիս՝ նշելով, որ արդեն տարեց է, և ուժերն այլևս չեն բավարարում:

Սուրբ Պետրոսի հրապարակում հարյուրավոր կաթոլիկներ են հավաքվել: Շուտով կարդինալ Ժան-Լուի Տորանը դուրս կգա պատշգամբ և կասի հայտնի Habemus papam («Մենք ունենք պապ») արտահայտությունը՝ հայտնելով ընտրյալի՝ Հռոմի նոր Պապի անունը: Ի դեպ, Բենեդիկտոս 16-րդի ընտրության ժամանակ նրա անունը հայտարարվել է սպիտակ ծխի երևալուց շուրջ 45 րոպե անց:

Մեկնաբանել