Google որոնողական հսկան խոստովանել է, որ իր ավտոմեքենաները Street View քարտեզագրական ծառայության համար փողոցների համայնապատկերը նկարահանելիս խախտել են մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հաղորդում է ամերիկյան New York Times-ը:
Google-ի ծառայողական ավտոմեքենաները քաղաքների նկարահանմանը զուգահեռ` Wi-Fi-ի միջոցով հավաքել են նաև քաղաքացիների անձնական տվյալները: Վերջիններս ներառում են էլեկտրոնային փոստի մուտքանուններ, գաղտնաբառեր, նամակներ և այլն:
2010թ. վերջին ԱՄՆ Հեռահաղորդակցության դաշնային հանձնաժողովը (FCC) դատական գործ էր հարուցվել Google-ի դեմ, իսկ հայցն ընկերության դեմ ներկայացրել էին ԱՄՆ 38 նահանգները` անձնական կյանքին միջամտելու մեղադրանքով: Փոխհամաձայնության արդյունքում որոնողական հսկան պարտավորվել է վճարել $7 մլն տուգանք, ինչպես նաև ոչնչացնել հավաքված ամբողջ տեղեկատվությունը: Փորձագետների կարծիքով` այս գումարը Google-ի համար չնչին է` ընկերության օրական $32 մլն եկամուտի ֆոնին:
Ավելի լուրջ բովանդակություն ունեն ԱՄՆ իշխանությունների պահանջները Google-ի, որոնց համաձայն` ընկերությունը կանոնավոր կերպով պետք է կազմակերպի իր իրավաբանների վերապատրաստումը և տարեկան մեկ շաբաթ սեմինարներ կազմակերպի` կապված տվյալների անվտանգության հետ: Բացի այդ` Google-ը պարտավորվել է YouTube-ում տեսանյութ տեղադրել անլար ցանցերում տվյալների գաղտնագրման վերաբերյալ և երկու տարվա ընթացքում այն գովազդել ինտերնետում:
Հիշեցնենք, որ սկզբնական շրջանում Google-ը հերքում էր քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման մասին տեղեկությունները: Ավելի ուշ ինտերնետ հսկան սկսեց իր հասցեին ուղղված մեղադրանքներն անվանել անհիմն` պնդելով, որ տվյալների հավաքագրումը տեղի է ունեցել պատահաբար` ընկերության ինժեների սխալի հետևանքով: 2011թ. ապրիլին FCC-ն Google-ին տուգանել էր $25 հազ-ով` միջադեպի հետաքննությանը խոչընդոտելու համար: