Թուրքական հրճվանք՝ հային հայ է սպանել

Վերջին օրերին թուրքական մամուլում «ամենաուրախալի» լուրն անկասկած Սամաթիայում հայ տարեց կանանց վրա հարձակումների մեղավորի հայտնաբերումն ու ձերբակալությունն էր: Կասկածյալին առաջին իսկ պահից, առանց դատարանի որոշման, մեղավոր ճանաչելն անկասկած նրա ազգությամբ հայ լինելով էր պայմանավորված։

Թուրքական ոստիկանությունը, մոտ երեք ամիս հանցագործների ցանկում տքնաջանորեն փնտրելով, կարողացավ գտնել նախկինում գողության համար դատապարտված հայի: Կասկածյալ Մուրադ Նազարյանը աղքատ, անտուն, մերձավորների կողմից օտարված, հիվանդ ու խեղճուկրակ հայ մարդ է: Նման հայի նաև հիշողության կորուստ և հոգեկան խնդիրներ ունենալը կամ այդպիսիք ձևացնելը նրան դարձնում է միայնակ հանցագործի իդեալական թեկնածու։

Ամբաստանյալ Մուրադ Նազարյանի հոգեկան վիճակը բավական ծանր է, նա բոլոր հարցերին պատասխանում է, թե ոչինչ չի հիշում և ավելացնում՝ եթե թուրք ոստիկանությունն ասում է, որ ինքն է արել, ուրեմն հաստատ արած կլինի: Ըստ կամավոր թուրք իրավապաշտպան փաստաբանի տեղեկատվության՝ Նազարյանը բանտում անընդհատ լաց է լինում, չափազանց վախեցած է և խնդրում է իրեն պահել մենախցում, քանի որ վախենում է, որ հայ լինելու համար կարող է սպանվել։

Եթե թուրքական մամուլն այս աստիճանի միաբերան հրճվանք չապրեր կասկածյալի հայ լինելուց և չմեղադրեր թուրք իրավապաշտպաններին, թե ինչ մեծ սխալ են գործել՝ ենթադրելով, որ հարձակումները հայ ազգի դեմ ուղղված ատելության հանցագործություն էին, դրանով իսկ վիրավորելով թուրք ինքնությունը, գուցե ոչ ոք չէր էլ կասկածի, որ սա թուրքական մի քանի պետական կառույցների կողմից հարցը շուտափույթ փակելու համար համատեղ մշակված սցենար է։

Թուրքական իշխանությունները, հայերի դեմ ուղղված հարձակումների համար հայ դատապարտելով, միանգամից «երկու նապաստակ են սպանում»։ Առաջին՝ հարցը փակվելու է հօգուտ ոստիկանության, քանի որ հանցագործը հայտնաբերվեց: Երկրորդ՝ մեղավորի հայ լինելը «փակելու է բոլոր նրանց բերանները», ովքեր պնդում էին, թե սա թուրք ազգայնականների ձեռքի գործն էր։

Սակայն թուրքական ոստիկանության և նրան օգնող այլ կառույցների «փայլուն» հանգուցալուծումը կարծես թե տեղապտույտ է տալիս: Նախ՝ Նազարյանի անկայուն հոգեկան վիճակը նրան թերևս թույլ չէր տա միայնակ կազմակերպել նման հարձակումներ: Ոստիկանությունը, առաջնորդվելով «շիլան յուղով չես փչացնի» տրամաբանությամբ, նրա զոհերի ցանկն ավելացրել է երկու ազգությամբ թուրք կանանցով:
Անգամ եթե ընդունենք հարձակումները Նազարյանի կողմից միայնակ կատարված լինելու հանգամանքը, կրկին չի բացառվում նրան՝ որպես հայի, թուրքական ազգայնական շրջանակների կողմից օգտագործելու հնարավորությունը, քանի որ նա ենթակա էր հեշտ ներշնչման և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական առումով։

Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Թուրքիայում ապրող յուրաքանչյուր հայ չի ապրում և աշխատում միայն ի նպաստ հայկական համայնքի: Այսօր քաջատեղյակ ենք թուրքական ոստիկանության, հետախուզության հետ համագործակցող բազմաթիվ հայերի, թուրքական ազգայնական կուսակցության (MHP) ակտիվ անդամ հայերից: Հայտնի է և շարունակում է ակտիվորեն գործել ցեղասպանությունը հերքող և նույնիսկ դրա վերաբերյալ գրքեր գրող և իր գրքով բավական մեծ աղմուկ հանելուց հետո թուրքական կրթության նախարարության կողմից պարտադիր ընթերցանության ցանկում ներառված «աշխատության» հեղինակ Լևոն Դաբաղյանը։ 1982թ. ԱՍԱԼԱ-ի իրականացրած գործողություններից՝ որպես հայ, շատ վրդովված Արթին Փենիկն իր վրդովմունքն արտահայտեց հրապարակային ինքնահրկիզմամբ։

Պետք չէ մոռանալ, որ հանցագործի նույնիսկ հայկական ծագումը բավարար չէ, որ տեղի ունեցածը համարվի սովորական քրեական հանցագործություն, և չորոնվեն դրա հետևում թաքնված պետական և այլ խորքային կառույցների «ականջները»։

Մեկնաբանել