Ադրբեջանցի ընդդիմադիր գործչի կալանքը երկարացվել է ևս երկու ամսով

Ադրբեջանի «Հանրապետական այլընտրանք» (ReAl) քաղաքացիական շարժման ղեկավար Իլգար Մամեդովի նկատմամբ խափանման նախնական միջոց սահմանված կալանքը երկարացվել է ևս երկու ամսով: Այս մասին հայտարարել է Մամեդովի փաստաբան Ֆուադ Աղաևը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Մամեդովը ձերբակալվել է փետրվարի 5-ին և մեղադրվում է հասարակական կարգը խանգարելու, ինչպես նաև հունվարի 23-24-ը Իսմայլիում անկարգությունների ընթացքում քաղաքացիներին սադրելու մեջ: Նույն մեղադրանքներն են ներկայացվել «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յաքուբլուին:
Երկուսն էլ հերքում են իրենց ներկայացված մեղադրանքները, որոնց հաստատման դեպքում ընդդիմադիր գործիչներին սպառնում է 3-7 տարվա ազատազրկում:
Մամեդովը բաց նամակով դիմել է միջազգային հանրությանը: «Միջազգային հանրության՝ Ադրբեջանի բռնապետության հետ քաղաքակիրթ կանոններով խաղալու փորձերը ուղղակի ապշեցնող են, մանավանդ, երբ դրանց հետևում եց ճաղերի հետևից», -ասել է Մամեդովը նամակում:

Ընդդիմադիր գործիչը՝ միջազգային հանրությունից պահանջել է, որ սահմանվեն Ադրբեջանում ոչ միայն քաղբանտարկյալների, այլև պաշտոնյաների ցուցակը, որոնք քաղբանտարկյալների «առաջացման» պատճառ են դարձել:

Մեկնաբանել