Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S4 սմարթֆոնը (ֆոտոշարք)

Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերությունը 2013թ. մարտի 15-ին Նյու Յորքում պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի Galaxy S4 սմարթֆոնը, հաղորդում է Mashable-ը:

Նոր սմարթֆոնն ունի Smart Scroll (օգտագործվում է հայացքի օգնությամբ էջերի թերթման համար) և Smart Pause (երբ օգտագործողը զբաղված է լինում մեկ այլ գործով, տեսանյութն ավտոմատ կանգ է առնում) գործառույթները:

Galaxy S4-ն արտաքինից հիշեցնում է Galaxy S3 սմարթֆոնը, սակայն ընկերության ներկայացուցիչների խոսքով` վերջինիս համեմատ նորույթն աբելի բարակ ու ամուր է: Այն կշռում է 130 գ և ունի 7,9 մմ հաստություն: Սարքավորումը պատրատված է պոլիկարբոնատից, որն օգտագործվում է ֆիննական Nokia-ի սարքավորումներում: Նորույթն ունի Super AMOLED տեխնոլոգիայով պատրաստված 5-դյույմանոց էկրան:

Samsung-ը կթողարկի Galaxy S4-ը երկու տարբերակով: Առաջինը կունենա քառամիջուկ Snapdragon, իսկ երկրորդը` ութմիջուկանոց Exynos պրոցեսոր: Երկուսն էլ ունեն 2 Գբ օպերացիոն և 16, 32 կամ 64 Գբ ներքին հիշողություններ, MicroSD քարտարան:

Ընկերությունը սմարթֆոնում ներդրել է նոր ցուցիչներ, մասնավորապես` խոնավության և ջերմաստիճանի սենսորներ: Ինֆրակարմիր լուսադիոդը հնարավորություն է տալիս օգտագործել սմարթֆոնը որպես հեռակառավարման սարք:

Galaxy S4-ն աշխատում է Android 4.2.2 օպերացիոն համակարգով: Տեղադրված են S Translator թարգմանչի և բժշկական սարքերից տվյալներ հավաքագրող S Health բջջային ծրագրերը: Սմարթֆոնն աշխատում է 4-րդ սերնդի ցանցերի հետ: Ընկերությունը հավաստիացնում է, որ այն աշխատում է գոյություն ունեցող բոլոր LTE ցանցերում: Հետևաբար, ընկերությունը ստիպված չի լինի թողարկել սմարթֆոնի այլ տարբերակներ տարբեր երկրների համար:

Նշենք, որ Galaxy S4-ն ունի հիմնական` 13 Մգպ և դիմային 2 Մգպ` տեսախցիկներ: Օգտատերը հնարավորություն ունի նկարահանում կատարել երկու տեսախցիկներով միաժամանակ: 4 վայրկյանի ընթացքում տեսախցիկը կարողանում է նկարահանել հարյուրավոր լուսանկարներ, որից հետո հավաքագրում է դրանք մեկ ամբողջական լուսանկարում:

Samsung-ի նոր սմարթֆոնը վաճառքում կհայտնվի ապրիլի վերջին` սև և սպիտակ գույներով: Սարքավորման արժեքի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Ընկերությունը նշել է, որ Galaxy S4-ը հնարավոր կլինի գնել աշխարհի 155 երկրներում:

Հիշեցնենք, որ Galaxy S սերնդի սմարթֆոնները թողարկվում են 2010-ից: Մինչ այժմ ընկերությունն իրացրել է մոտ 100 մլն սարքավորում: 2012թ. մայիսին թողարկված Galaxy S3-ը իրացվել է 40 մլն օրինակով: Նշենք, որ Samsung-ը բջջային սարքավորումների համաշխարհային ամենախոշոր արտադրողն է: 2012թ. գարնանը նա նվաճել է այս կոչումը ֆիննական Nokia-ից:

Մեկնաբանել