Շոտլանդիայում անկախության հանրաքվեն կանցկացվի 2014թ․ սեպտեմբերի 18-ին

Շոտլանդիայի անկախության վերաբերյալ հանրաքվեն կանցկացվի 2014թ․ սեպտեմբերի 18-ին, հաղորդում է BBC-ն։

Այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Ալեքս Սալմոնդը՝ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով հանրաքվեի մասին օրինագիծը։

Ընտրողները պետք է պատասխանեն հետևյալ հարցին՝ «Պե՞տք է արդյոք Շոտլանդիան լինի անկախ երկիր»։

Շոտլանդիայի կառավարությունը, որում ազգայնականները մեծամասնություն են, խոստանում է հրապարակել հատուկ զեկույց՝ անկախության օգտին փաստարկներով։

Ալեքս Սալմոնդն ու նրա կուսակիցները վստահեցնում են, որ անկախությունը Շոտլանդիային թույլ կտա հավակնել հսկայական էներգառեսուրսների և դառնալ հարուստ երկիր։

Ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ լեյբորիստները, պահպանողականները և լիբերալ-դեմոկրատները, կողմ են Մեծ Բրիտանիայի կազմում դաշնակցային պետության պահպանմանը։

Քանի որ ազգայնականները Շոտլանդիայի կառավարությունում մեծամասնություն են, օրինագծի ընդունումը երաշխավորված է։

Հայտնելով Լոնդոնում կենտրոնական կառավարության տեսակետը՝ Շոտլանդիյաի հարցերով նախարար Մայքլ Մուրը ողջունել է հանրաքվեի ամսաթվի մասին նորությունը։

«Շոտլանդիայի ապագայի հարցով բանավեճերն արդեն սկսվել են և միայն սրվելու են,- հայտարարել է նախարարը։ – Ես վստահ եմ, որ շոտլանդացիները կքվեարկեն Շոտլանդիայի՝ ուժեղ և միասնական բրիտանական պետության մաս մնալու օգտին»։

Շոտլանդիայի կառավարությունն ավելի վաղ խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել առանձին օրինագիծ, որն առաջին անգամ քվեարկության տարիքի շեմն իջեցնում է մինչև 16 տարեկան։

Մեկնաբանել