Պապ Ֆրանցիսկը հրաժարվել է պապական շքասենյակներից

Հռոմի պապ Ֆրանցիսկը հայտարարել է, որ չի ապրելու Վատիկանի Առաքյալների պալատի պաշտոնական պապական շքասենյակներում։ Նա ապրելու է նստավայրի՝ հյուրերի համար նախատեսված հարկաբաժնում, հաղորդում է BBC-ն։

Վատիկանի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի խոսքով՝ Կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդը չի ցանկանում պալատի պատերով մեկուսանալ մարդկանցից։

Նա առաջին պոնտիֆիկոսն է ավելի քան հարյուր տարվա մեջ, որ հրաժարվում է տեղափոխվել պապական շքասենյակներ։

Ավելի վաղ Ֆրանցիսկը հրաժարվել էր հատուկ «պապամոբիլից», խնդրել էր նստավայրի իր գահը փոխարինել հասարակ թիկնաթոռով և սկսել էր ճաշել ընդհանուր ճաշարանում։

Բացի այդ՝ անցյալ շաբաթ նա զարմացրել էր Բուենոս Այրեսի թերթի կրպակի սեփականատերերին՝ անձամբ զանգահարելով նրանց և հրաժարվելով թերթերի առաքումից։

Մեկնաբանել