Ո՞վ է մեղավոր գաղջ մթնոլորտի համար. քննարկում

«Կենտրոն» հեռուստատեսության «Հայկական ուրբաթ»-ի տաղավարում այսօր քննարկվեցին «գաղջ մթնոլորտ»-ի առաջացման հիմքն ու պատճառները:

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի դիտարկմամբ՝ մեր երկրում մի ստվար զանգված կա, որ դժգոհություն ունի. «Դա առաջին հերթին կապված է սոցիալական վիճակի հետ, սակայն աղքատները չէ, որ երկրում գաղջ մթնոլորտ են ստեղծում: Ստեղծված մթնոլորտի համար մեղավոր ենք բոլորս»:

Նրան հակադարձեց ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը. «Բոլորը մեղավոր չեն, ես ինձ հանում եմ այդ ցուցակից: Ես մեղավոր չեմ, որ որոշ մարդիկ երթևեկում են մի քանի տասնյակ հազար դոլարանոց մեքենաներով, իսկ թոշակառուն ստանում է 27 հազար դրամ, որ չի բավարարում նվազագույն կարիքներին: Մեղավոր են նրանք, ովքեր փորձում են ապականելով, ուղղակի փչացնելով՝ մթնոլորը դարձնել գաղջ: Հայաստանի հանրապետությունում ստեղծված մթնոլորտի համար պատասխանատու են նրանք, ովքեր ստանձնել են իշխանությունը»,- ասաց նա:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ Կարեն Վարդանյանը նշեց, որ գաղջ մթնոլորտի պատճառներից մեկն էլ այն է, որ փողը դարձել է արժեք: «Եթե դու մի բան անում ես լավ, քեզ դրա համար վարձատրում են: Երբ վարձատրությունը դառնում է նպատակ, համակարգը փլուզվում է, գալիս է աղքատությունը: Չի կարող գաղջ մթնոլորտ լինի, ու դա մեզ ձեռնտու չլինի: Հոգեբանության մեջ դա կոչվում է երկրորդային օգուտ՝ ապրել առանց աշխատելու՝ ողորմությամբ: Օրինակ, երբ մեր հայրենակիցները գնում են Ռուսաստան, այնտեղ սկսում են ողորմություն խնդրել՝ բացատրում են, որ մեր երկրում ապրել հնարավոր չի: Նույնը վերևում. եթե նախագահը նախարար է նշանակում տատուս թախտից հոգնած մարդու, էդ գաղջ մթնոլորտը վերևից ներքև տարածվում է բոլորի վրա»,- ասաց նա:

«Ես համաձայն չեմ, որ մթնոլորտը գաղջ է»,- բոլորին հակադարձեց Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համասարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: «Խոսում եք նախագահի մասին. նախագահ ասելով՝ դուք հասկանում եք Սերժ Սարգսյանին, ես՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ուզում էին հանձնաժողով ստեղծել թուրքերի հետ միասին հարյուր տարի առաջվա դեպքերը պարզելու համար, ի՞նչն էր խանգարում, որ մի հանձնաժողով ստեղծեին, որ էդ քվեները՝ մի քանի օր առաջվա, բերեին, հաշվեին, իմանայինք՝ ով է նախագահ: Ես համաձայն չեմ այն մտքին, թե մենք այսօր ունենք օրինական իշխանություն, քանի որ իշխան բառը ծագում է իրավունք բառից, և հնարավոր չէ իշխանություն հաստատել բացառապես սպառնալիքներով, ուժով»,- նշեց նա:

Կարեն Վարդանյանի դիտարկմամբ՝ «Խնդիրն այն է, որ թե օպոզիցիան և թե պոզիցիան նախագահին համարում են պապա: Հիմա ասում են՝ պապան կոնֆետ չառավ. մեկն ասում ա՝ ինչի՞ պապան կոնֆետ չառավ, մյուսը՝ ճիշտ արեց պապան, որ կոնֆետ չառավ: Խնդիրը դա է. նախագահը պիտի պապա չլինի»:

Զոլյանը նշեց, որ նախագահը հոգնած նախարարների է նշանակում, որպեսզի ապահովի իր վերարտադրությունը: «Ումի՞ց ենք սովորել ողորմություն խնդրել, նույն կառավարությունից, մեր արտաքին պարտքերը նայեք»,- նշեց նա:

Կարեն Վարդանյանը հակադարձեց, թե իշխանությունը նման վերաբերմունք ունի, քանի որ ընդդիմությունը համակարգ չունի պահանջներ ներկայացնելու: «Ես որ նախագահ լինեի, կերազեի ձեր նման օպոզիցիա: Ոչ մի բան չի պահանջում, հանգիստ իրա համար քննադատում ա, հրապարակում նստել, հաց չի ուտում: Ոչ մի մեխանիզմ չունի»,- ասաց նա: Ամփոփելով՝ նա նշեց, որ այսօր պետք է ոչ թե տանը նստել ու դժգոհել, օրինակ, գյուղապետից, այլ՝ գնալ, նրա գլուխը կոտրել, եթե ապօրինություն է արել. «Դրանից գոնե տրամադրությունդ կբարձրանա»:

«Ոչ մեկի գլուխը կոտրել պետք չէ, համայնքապետերը եթե լավ չեն աշխատել, նրանց գլուխը մի կոտրեք: Առաջիկայում քաղաքապետի ընտրություններն են, գնացեք, ձեր կամքը արտահայտեք»,- ամփոփեց Ուրիխանյանը:

Ռազմիկ Դավոյանը վստահեցրեց, որ պետք է բարոյականությունը վերականգնել, և խնդիրները կլուծվեն:

Սուրեն Զոլյանի դիտարկմամբ՝ ամեն մարդ պիտի վերականգնի սեփական արժանապատվությունն ու պայքարի դուրս գա:

Մեկնաբանել