Պռոշյանի գյուղապետի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Ապրիլի 2-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է նույն գյուղի գյուղապետ, 1963թ. ծնված Հրաչ Մուրադյանի դիակը, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Հրաչ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակած հրազենային վնասվածքից:

Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողականգործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրափամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել