Հայ ոսկերիչներին չի հաջողվել ազատ տնտեսական գոտու համար ազատ տարածք գտնել

Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է, որ ոսկերչությունն ու ադամանդագործությունը Հայաստանի արդյունաբերության կարևորագույն ոլորտներից են և տնտեսության գերակա ճյուղ, այն դեպքում, երբ ոլորտի ներկայացուցիչները չեն կարողանում տարածք գտնել ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ապրիլի 9-ի ասուլիսին խոսելով ադամանդագործության և ոսկերչության արտահանման ուղղված ծրագրերի մասին, նշել է, որ ոլորտի աճի տեմպը 16%-ից ավելի է։ Արտահանման տեմպը ևս արագացել է, և ցուցանիշները բարելավելու համար Հայաստանում ոսկերչական ազատ տնտեսական գոտի է ստեղծվելու։

«Լայնածավալ աշխատանք է սկսվել շուրջ 50 հազ քմ տարածքում այդ գոտին ստեղծելու ուղղությամբ, որի մոտ կեսը կտրամադրվի ոսկերչական արտադրության կազմակերպման համար»,– նշվել է ասուլիսին։ Նախատեսվում է, որ ոսկերչական ազատ տնտեսական գոտում կստեղծվի մոտ 120 ընկերություն աշխարհի տարբեր երկրներից, կբացվի շուրջ 1500 աշխատատեղ: Ներկայում ոլորտում գործում է 38 կազմակերպություն, 32-ը՝ ոսկերչական, 6-ը՝ ադամանդագործական։

Հայ ոսկերիչների միության (AJA) և Ռուսաստանի ոսկերիչների գիլդիայի նախագահ Գագիկ Գևորգյանի խոսքով՝ նման գոտի ունենալու առաջնային նպատակը արտերկրում գործունեություն ծավալած գործարարներին Հայաստան բերելն է։ «Բայց որպեսզի նրանք գան Հայաստան, ներդրումներ կատարեն, հստակ դրդապատճառներ պետք է ունենան: Նրանք պետք է իմանան, թե ինչի համար են գալիս և ինչ պայմաններում են աշխատելու: Պետք է ստեղծվի հիմք, որոշակի նախադրյալներ՝ նրանց կապիտալն այլ երկրներից Հայաստան բերելու համար»,– ասել է Գևորգյանը։

Բանակցությունների արդյունքում մոտ 50 ընկերություն արդեն Հայաստան գալու պատրաստակամություն է հայտնել։ «Հայաստանը մրցունակության առումով ավելի հրապուրիչ է, քան Չինաստանը։ Մյուս կողմից` Հայաստանն ավելի մոտ է Եվրոպային»,– նշել է Գևորգյանը։ Նրա խոսքով՝ այժմ բանակցությունների միջոցով փորձ է արվում Հայաստանում արտադրական գործարանին համապատասխան տարածք գտնել: Ըստ Գևորգյանի՝ քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքն օգտագործելու հնարավորությունը։ «Այդ նպատակով մենք հանդիպեցինք արգենտինահայ գործարար Էդուարդ Էռնեկյանի հետ հինգ անգամ, սակայն շենքը մեզ չի տրվի»,– ասել է Գևորգյանը: Նրա խոսքով՝ քննարկվող, սակայն չիրականացված տարբերակների թվում է եղել Մերգելյան ինստիտուտը, որտեղ բավական մեծ գումար են պահանջել վարձակալության տարածքների համար։

«Ցանկալի է, որ շինությունը լինի Երևանում, որ աշխատողներն ավելորդ ժամանակ չծախսեն այլ տեղ հասնելու համար»,– ասել է Հայ ոսկերիչների միության նախագահը և նշել, որ անհրաժեշտ է սեղմ ժամկետներում լուծել բացվող գործարանի տարածքի հարցը, որ հասարակության շրջանում ծրագրի իրականացման վերաբերյալ թերահավատություն չստեղծվի։

Անդրադառնալով տարածքի խնդրին՝ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը նշել է, որ սեփականաշնորհման գործընթացից հետո Երևանում պետական սեփականություն հանդիսացող գույք չի մնացել: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է բանակցություններ սկսել հին գործարանների սեփականատերերի հետ։

Մեկնաբանել