Google Glass-ի առաջին մատակարարումները կսկսվեն առաջիկա ամսում

Google տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ Google Glass «խելացի ակնոցի» մատակարարումը ծրագրային մշակման մասնագետներին կսկսվի առաջիկա ամսում:

Ինչպես նշում է TechCrunch-ը, այս ժամկետը տրամաբանական է, քանի որ ապիլի 15-17-ը Սան Ֆրանցիսկոյում տեղի կունենա ընկերության ամենամյա Google I/O համաժողովը, և ակնկալվում է, որ Google Glass-ը կլինի ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ Google Glass-ը հնարավոր էր պատվիրել Google I/O նախորդ համաժողովի ընթացքում` $1,5 հազ-ով:

Կոմերցիոն շուկայում Google Glass-ի ներկայացման ժամկետների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Google Glass-ի թեստավորմանը մասնակցելու համար հարկավոր էր լինել ԱՄՆ-ի 18 տարին լրացած քաղաքացի, ինչպես նաև Twitter և Google+ սոցցանցերում գրառում կատարել, թե ինչ գործողություններ կիրականացնեին իրենք` սարքավորումը ձեռք բերելու դեպքում: Մրցույթին մասնակցությանը զուգահեռ` մասնակիցներին առաջարկվում էր գնել Glass սարքավորումը $1,5 հազ-ով: Մասնակցության դիմումներն ընդունվում էին մինչև փետրվարի 27-ը: Google Glass նախագծի մասին տեղեկություներ էին տարածվել դեռ անցած տարվա հունիսին, իսկ մարտին ընկերությունը ներկայացրել էր Google Glass-ի առաջին 5 բջջային ծրագրերը: Սարքավորումն ունի քարտեզներից օգտվելու, այդ քարտեզներում օգտագործողի գտնվելու վայրը ցուցադրելու և երթուղին ցույց տալու հնարավորություն:

Մեկնաբանել