«Օպերացիա «Ինքնամաքրում»»-ը պահանջում է «չարատավորված» կառավարություն

«Օպերացիա «Ինքնամաքրում»» նախաձեռնությունը նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում է ներկայացնել կառավարության այնպիսի կազմ, որի անդամների անունները կապված չլինեն սկանդալային կոռուպցիոն պատմությունների հետ:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Վերջին տարիներին Հայաստանում շարունակվող աղքատության, գործազրկության, անարդարության և արտագաղթի համար պատասխանատու է իշխանության ղեկին գտնված կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, նախարարների և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների: Որոշ դեպքերում, ոլորտները պատշաճ կառավարելու ունակության բացակայությունը ուղեկցվել է կոռուպցիոն երևույթներով և պաշտոնատար անձանց համար անվայել վարքագծով, ինչը խորացրել է ժողովրդի դժգոհությունը, որն էլ դրսևորվել է 2013թ. փետրվարին կայացած նախագահական ընտրություններում:

«Օպերացիա «Ինքնամաքրում»» նախաձեռնությունը պահանջում է Սերժ Սարգսյանից ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության այնպիսի կազմ, որի անդամների անունները արատավորված չլինեն սկանդալային կոռուպցիոն պատմություններով կամ անպարկեշտ վարքագծով և ցինիզմով: Նման մի շարք պաշտոնյաներ մատնացույց են արված կից ներկայացվող տեսանյութերում:

Ժողովրդավարական պետությունում իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կողմից և հարկատուների հաշվին պաշտոնավարող անձինք պետք է ունենան պատշաճ վարքագիծ և հաշվետու լինեն հանրության առջև»:

«Օպերացիա «Ինքնամաքրում»» նախաձեռնությունը ներկայացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն:

Մեկնաբանել