Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիան «կառուցողական դեր» ունի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում Քերին հայտարարել է, թե Մերձավորարևելյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացքում, Սիրիայի, Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի խնդիրներում Թուրքիան «կառուցողական դեր» ունի: Քերին նաև տեղեկացրել է, որ Ղարաբաղյան խնդրի շուրջ Թուրքիան և ԱՄՆ-ը բանակցություններ են վարում:
«Երկու սառեցված խնդիրների` Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի հարցով Թուրքիան աջակցություն ստանալու նպատակով բանակցում է մեզ հետ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Նիստին անդրադարձ է կատարվել նաև թուրք-իսրայելական հարաբերություններին:
ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարն արդեն երկու անգամ այցելել է Թուրքիա: