Սերժ Ավետիքյանը՝ նոր «Անուշի» մասին

Սերժ Ավետիքյանը «Անուշ» օպերայի նոր բեմադրության կապակցության մամլո ասուլիսին, 25-ը ապրիլի, 2012թ.։

Ապրիլի 26-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանը կներկայացնի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմադրությունը: Նա արդեն մեկ ամիս փորձեր է անցկացնում թատրոնում: ՍիվիլՆեթի տաղավարում Ավետիքյանը պատմել է այս ծավալուն նախագծի մասին։

— Տիգրանյանի «Անուշ» օպերայի պրեմիերայից 100 տարի է անցել, ի՞նչը դրդեց Ձեզ ձեռնամուխ լինելու «Անուշի» վերաբեմադրմանը։

— Ինձ առաջարկեցին այս գործը։ Հինգ տարի առաջ պրոդյուսեր Իրինա Իգիթխանյանը դիմեց ինձ, այդպես էլ սկսվեց: Երկար ժամանակ էր պետք, որ իրականացվի այս գործը. այն ծանր է՝ իբրև արտադրանք: Վերջապես նախագիծը գտավ իր ճանապարհը՝ ըստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքված համաձայնության։ Երկու տարի առաջ ես գտա Ֆրանսիայում պետական մի մեծ թատրոն՝ Le Théâtre Nanterre-Amandiers-ը, որը միացավ բեմադրության իրականացմանը: Մի խոսքով՝ միասին գործը հասցրինք մինչև այս պահը:

Ես ցանկանում էի նախ Ֆրանսիայում ներկայացնել «Անուշը», հետո բերել այստեղ, բայց հակառակը ստացվեց։ Չեմ ափսոսում, բայց Երևանում երբ ինչ-որ բան ես իրագործում, այն էլ այսպիսի խնդրահարույց թեմայով, ճնշումը փոքր-ինչ ավելի մեծ է։

Ես ինքս ընտրեցի արտիստներին։ Պիտի ասեմ, որ ներկայացմանը մասնակցում են միայն Երևանում ապրող ու աշխատող երգիչներ, դերասաններ։

Որոշեցի աշխատել Նիկոլա Մյուզենի հետ, որը հին օպերայի բալետմայստեր է և դարձել է խորեոգրաֆ ու սցենոգրաֆ: Միասին աշխատեցինք ներկայացման բոլոր բաղադրիչների վրա։ Այս գործում ինձ համար շատ ավելի հեշտ էր երեք մասնագետի փոխարեն գործ ունենալ մեկի հետ։

Կոմպոզիտոր Անահիտ Սիմոնյանին խնդրեցի, որ երաժշտական մշակումն անի, Վահան Մարտիրոսյանին էլ՝ որ ղեկավարի նվագախումբը։
Որոշեցի աշխատել նաև Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» երգչախմբի հետ։ Դա էլ հեշտ որոշում չէր։ Նրանք՝ իբրև երգչախումբ, շատ հետաքրքիր են, յուրահատուկ, բայց այստեղ պիտի հանդես գան ոչ միայն իբրև երգչախումբ։ Նրանցից 12-ը նաև երկրորդական դերերգերն են կատարում՝ պահակի, Օհանի, Անուշի հոր, ընկերուհիների, և պիտի խաղան բեմում։ Նրանք սովոր չեն խաղալու, ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել նրանց հետ։

— Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Տիգրանյանը ցանկացել «Անուշը» օպերա դարձնել։

— Ավելի ճիշտ՝ ինչո՞ւ է Կոմիտասը դա արել, որովհետև նա էր սկսել աշխատել այս գործի վրա և չէր ավարտել, որից հետո միացել է երիտասարդ Տիգրանյանը և 1912թ. Ալեքսանդրապոլում կարողացել է իրականացնել առաջին բեմականացումը։

Կարծում եմ՝ Թումանյանը մեծ գրող է, նա ուներ շատ հետաքրքիր մարդկային մոտեցումներ, մտահղացումներ: «Անուշն» ունի շեքսպիրյան, ռոմեոջուլիետական բխում, տրագիկ մոտեցում սիրո արգելքներին և այլն։ Բայց այստեղ ի՞նչն է հետաքրքիր՝ Թումանյանը համամարդկային ձևով է մոտենում այս պատմությանը, ինչպես նաև ալեգորիկ և մետաֆորիկ:

Սա կատարվում է Լոռվա ձորերում, բայց կարող էր նաև կատարվել այլ վայրում։ Խոսքն իրականում ադաթների մասին է, թե ինչպես են հին սովորույթները գերիշխում օրենքի վրա: Կարելի է ասել, որ մինչ այսօր հասարակության համար երբեմն հին հավատալիքները կամ ավանդույթները օրենքից ուժեղ են։ Կարծում եմ՝ Թումանյանը շատ ճիշտ էր տրամաբանել, թե ինչպես են նոր սերունդներին ճնշում հին սերունդների օրենքները։

Անուշն ու Սարոն սիրահարված են, բայց իրենց միջև սոցիալական տարբերություն կա: Թումանյանը չի ասում, բայց Սարոն հայր չունի, միայն մայրն է հայտնվում վերջում։ Իսկ Անուշն ունի ընտանիք, հայր, եղբայր։ Սերը չի կարող իրականանալ, քանի որ սովորույթի համաձայն՝ երիտասարդների հայրերը պիտի պայմանավորվեն իրենց երեխաների ապագայի մասին։ Անուշը չի կարող իր եղբոր հետ խոսել, Սարոն, որ Մոսիի ընկերն է, չի կարող ասել, որ սիրում է նրա քրոջը, նշանակում է՝ ազատություն չկա: Այդ սերը վերապրվում է ծայրահեղ ձևով, և նրանք ստիպված են փախչել, դուրս գալ օրենքից։

Խորհրդային տարիների բեմադրություններում շատ հատվածներ բացակայում էին։ Օրինակ՝ երբ Անուշը հետ է գալիս տուն, հայրը նրան շատ վատ է ընդունում։ Հետո գալիս է Տեր հայրը, որը հարցնում է Անուշին՝ արդյո՞ք սիրում է Սարոյին, եթե սիրում է, պիտի ամուսնացնի նրանց։ Նշանակում է՝ եկեղեցին կարող էր հաշտեցնողի դեր կատարել։

Հանված էր նաև երիտասարդների դերը։ Երբ Մոսին ընկերների հետ գնում է Սարոյին փնտրելու, և չգտնելով հետ են գալիս, նրանցից մեկն ասում է. «Այսպես պիտի իգիթն ապրի, եթե սիրում է, պիտի փախցնի»։ Ինչպես միշտ, երիտասարդներն ազատություն են ուզում, մեծերը՝ ձգտում ավանդույթների պահպանմանը։ Շատ փոքր դրվագներ են, բայց շատ կարևոր։ Կարծում եմ՝ շատ հետաքրքիր է այսօր մտածել այդ մասին։

— Դժվար է հավատալ, որ Եվրոպայում այսօր էլ կարելի է հանդիպել Անուշների կամ Սարոների։

— Կարծում եմ՝ սխալվում եք, քանի որ Եվրոպայում ապրում են դրսից եկած մարդիկ։ Գոյություն ունի, օրինակ, մեր հարևանների՝ թուրքերի համայնք Գերմանիայում, որտեղ շատ հաճախ պատահում է, որ եղբայրները երիտասարդ աղջիկներին պատժում են առանց ընտանիքի թույլատվության գերմանացու հետ կապի մեջ մտնելու համար։ Սա մի օրինակ է, բայց շատ կան նմանները։ Դեռ կան պատվի համար գործած հանցագործություններ։

Աշխարհն այսօր այնքան էլ մեծ չէ, հասկանում ենք՝ ինչ պատճառներով. և հենց այն պատճառով, որ աշխարհը գյուղ է դարձել, այսպիսի բաներ կարող են կատարվել անսպասելի վայրերում ևս։ Տեխնոլոգիաները զարգանում են, կյանքն արագանում է, բայց հիմքում մարդկային հարաբերություններն այնքան էլ չեն փոխվել։ «Անուշը» դա է ցույց տալիս։

— Ինչպե՞ս եք աշխատել պարտիտուրի վրա, ավելացված հատվածների խնդիրն ինչպե՞ս եք լուծել, նոր մեղեդինե՞ր են գրվել։

— Մենք գտանք Տիգրանյանի առաջին պարտիտուրը, առաջին տարբերակը։ Կոմպոզիտորը ցանկացել է ինտիմ, մտերմիկ գործ ստեղծել, սակայն հետագա խմբագրություններում ստիպված է եղել փոփոխություններ կատարել՝ խորհրդային իշխանությունների գաղափարախոսությանը համահունչ։

Մենք ի՞նչ «Անուշ» գիտենք՝ մոնումենտալ, իմ կարծիքով՝ ավելի անեկդոտային և ավելի իլյուստրատիվ՝ այստեղ պարում ենք, այստեղ ողբերգություն է, պետք էր ընդգծել ամեն ինչ, ժամանակի համար ամենակարևորը էքսպրեսիոնիզմն էր: Ինձ համար այդ գործը ուռճացված մի բան է, որը, պահպանելով մեղեդային գեղեցկությունը, կորցրել է թեմաների հարստությունը։

Մենք Անահիտ Սիմոնյանի հետ աշխատեցինք վերադարձնել այդ ամենը։ Վերադարձրել ենք ժողգործիքները, «ձգել», ամրացրել ենք գործը, մաքրել ավելորդություններից, տեսարանից տեսարան անցնելու մասերը կրճատել ենք։ Այն հատվածների համար, որոնք չկային պարտիտուրում, բնականաբար չենք համարձակվել երաժշտություն ավելացնել։ Այդ հատվածները արտասանվում են ռեչետատիվով: Դա նաև կարևոր է այն առումով, որ դրանք ավելի լավ են լսվում, ընդգծվում են։

— Դժվար չէ՞ աշխատել երգիչների հետ, որոնք լիովին այլ «Անուշի» են սովոր։

— Ես հատուկ ընտրել եմ երիտասարդ երգիչների, որոնք տարիքով մոտ են թումանյանական հերոսներին։ Ասեմ՝ ինչն է ինձ համար դժվար. այստեղ կա սպասողական վիճակ: Դերասանները սպասում են, որ որևէ մեկը գա և ասի նրանց՝ ինչն ինչպես է պետք անել։
Իմ աշխատելաոճն այլ է, ես ջանում եմ տարածություն ստեղծել, որում նրանք կկարողանան ինքնարտահայտվել, առաջարկել դերի սեփական տեսլականը: Սա հիերարխիկ մտածողության արդյունքն է։

Ես երբեք չեմ մոռանա, որ այս քաղաքում եղել եմ պիոներ և կոմսոմոլի անդամ, զգաստ կանգնել եմ, քայլերթերի եմ մասնակցել։ Հիմա չեմ վերադարձել, որ նույնը անեմ։ Ես գիտեմ՝ ինչ եմ ուզում ստանալ նրանցից, բայց աշխատում եմ նրանց մեջ ներքին ազատության զգացողությունն արթնացնել։

Այստեղ մի խնդիր էլ կա՝ մարդկանց մեջ աղմուկը շատ է: Նրանք անընդհատ մտահոգված են տարբեր կողմնակի բաներով։ Պատճառները հասկանալի են, բայց դա խանգարում է աշխատանքին։ Բայց կամաց-կամաց, տարբեր պարապմունքների օգնությամբ հասնում ենք մեր նպատակին։

Զրուցել է Մարիա Հովսեփյանը

Հարցազրույցը դիտեք այստեղ:

Մեկնաբանել