Վրաստանն ու Ադրբեջանը՝ ամենալավատես երկրներ, Հայաստանը՝ հոռետեսների թվում. Gallup

Լուսանկարը` Ֆոտոլուրի

2013թ. աշխարհում բարձրացել է տնտեսական լավատեսության մակարդակը, վկայում են Gallup International/WIN անկախ հետազոտական գործակալությունների՝ «Հույսի և հիասթափության գլոբալ բարոմետրը»: Բարոմետրում երկրները բաժանված են լավատեսների ու հոռետեսների: Լավատեսների աղյուսակը գլխավորում է Վրաստանը: Հայաստանը հոռետեսների թվում է. այստեղ մեկ տարվա ընթացքում հոռետեսությունն ավելացել է 19%-ով: Գնահատումն անցկացվել է 2012թ.:

Տնտեսական սպասումների ինդեքսը հաշվարկվում է 35 տարի շարունակ՝ երկրներին առանձնացնելով լավատես կամ հոռետես խմբերում։ Հարցումն անցկացվում է ինդեքսում ընդգրկված երկրների բնակչության շրջանում, նրանց առաջարկվում է գնահատել տնտեսության հեռանկարները (ակնկալվում է տնտեսական իրավիճակի բարելավում կամ վատթարացում) առաջիկա մեկ տարվա կտրվածքով։

Այս տարի հարցումն անցկացվել է աշխարհի 54 երկրում, մասնակցել է 60 հազ. մարդ: Ըստ հարցման արդյունքների՝ 2013թ. աշխարհում ավելացել է լավատեսների թիվը, լավատեսության գլոբալ ցուցանիշի աճը կազմել է 9%։

Այսպես՝ աշխարհի բնակչության 35%-ը տնտեսական հեռանկարների հարցում լավատես է: 28%-ը տնտեսական իրադրության վատթարացում է կանխատեսում: 29%-ի կարծիքով՝ տնտեսությունում որևէ բան չի փոխվի։

Հայաստանը տնտեսական հոռետեսության աճ արձանագրած երկրների խմբում է (ցուցանիշը՝ 0-ից մինչև -50%): Նախորդ տարվա +8% լավատեսությունից Հայաստանը դարձել է -11% հոռետես:

Թիվ մեկ լավատեսը աշխարհում Վրաստանն է՝ 63%, որին հաջորդում է Ադրբեջանը՝ 56%:

Ամենահոռետեսը Պորտուգալիան է (-85%): Հոռետեսության կտրուկ աճ է արձանագրել Լիբանանը՝ -23%-ից մինչև -66%: Հոռետես է նաև Ֆինլանդիա, որտեղինդեքսն այս տարի կազմել է -35%՝ 2012թ. 14%-ի համեմատ։ Տնտեսական հեռանկարների հարցում հոռետեսությունը փոքր-ինչ նվազել է ֆրանսիացիների շրջանում՝ -67%` 2012թ. -80%-ի համեմատ: Ֆրանսիայի հետ միևնույն խմբում են Իսլանդիան, Ավստրիան և Ուկրաինան։

Ամենից լավատեսները հիմնականում զարգացող երկրներն են։ Զարգացած երկրների շրջանում գերակշռում են հոռետեսները։

Տնտեսական հեռանկարների հարցում ամենալավատեսական տրամադրությունները Հարավային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրներում են։ Արևմտյան և Արևելյան Եվրոպան հոռետեսների ցանկում են։ BRIC-ի երկրներում տնտեսական լավատեսության մակարդակը 29% է, Մեծ յոթնյակի երկրներում՝ -23%:

Հայաստանը Շվեյցարիայի, Մակեդոնիայի և Թունիսի հետ տնտեսական հոռետեսության աճ արձանագրածների խմբում է (0-ից մինչև -50%): Այսպես՝ 2013թ. Հայաստանը -11%-ով 54 երկրի շրջանում զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը: 2012թ. Հայաստանը 8% ցուցանիշով 58 երկրների շարքում 18-րդն էր: 2013թ. թիվ մեկ լավատեսը աշխարհում Վրաստանն է (63%), որը 2012-ի ինդեքսում 7-րդն է եղել՝ 43% ցուցանիշով: Ադրբեջանը երկրորդ ամենալավատեսն է Վրաստանից հետո՝ 56% ցուցանիշով: 2012-ին նա 9-րդ հորիզնականում էր՝ 30%-ով:

Աշխարհի լավատեսներն ու հոռետեսները

Ամենալավատես երկրների թոփ 10-ը (%)

Ամենահոռետես երկրների թոփ-10-ը (%)

Վրաստան

63

Պորտուգալիա

-85

Ադրբեջան

56

Ֆրանսիա

-67

Բրազիլիա

45

Լիբանան

-66

Մոզամբիկ

42

Բելգիա

-64

Չինաստան

32

Իսպանիա

-59

Պերու

31

Բոսնիա

-53

Հնդկաստան

27

Իռլանդիա

-51

Սաուդյան Արաբիա

27

Գերմանիա

-46

Ֆիլիպիններ

25

Լեհաստան

-45

Էկվադոր

24

Մեծ Բրիտանիա

-41


Մեկնաբանել