Հարուստ անհատների հարկումը պետք է ուժեղացվի

Լուսանկարը` gov.am-ի

Այս տարի ավարտվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից Հայաստանում 2010-ից իրականացվող եռամյա «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» վարկային ծրագրերը՝ $404 մլն արժողությամբ։ Ապրիլի 18-ին Երևան է ժամանել ԱՄՀ հայաստանյան առաքելությունը՝ Մարկ Հորթոնի գխավորությամբ (նկարում՝ մեջտեղում)։ Այցի հիմնական նպատակն է գնահատել «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերի կատարողականը, ինչպես նաև կառավարության հետ քննարկել նոր վարկային ծրագրի հետ կապված հարցեր։ Ապրիլի 29-ին ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային ընդունել էր նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ ապրիլի 30-ին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Երկու ծրագրերի ընթացքի, նոր վարկային ծրագրի և ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ ՍիվիլՆեթի հարցերին է պատասխանել ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

Պարոն Հորթոնն այնպիսի շեշտադրումներ է անում, որոնք Հայաստանում շատ հաճախ լսվում են կառավարության ընդդիմախոսների կողմից: Օրինակ՝ Հայաստանում պետք է ուժեղացվի խոշոր ընկերությունների և հարուստ անհատների հարկումը, որ հարկավոր է ապահովել այնպիսի աճ, որը չկենտրոնանա մի քանի հոգու ձեռքում և այլն:

— Պարոն Հորթոն, այս տարի ավարտվում են ԱՄՀ երկու վարկային ծրագրերը։ Նախնական գնահատականներով՝ որքանո՞վ են այդ ծրագրերն արդյունավետ իրականացվել։

— Այդ ծրագրերի գլխավոր նպատակն էր ճգնաժամի սկզբում վերականգնել ֆիսկալ կայունությունը և արտաքին հաշվեկշռի հավասարակշռությունը՝ պահպանելով ֆինանսական կայունությունը և աջակցելով աճին ու աղքատության կրճատմանը: Ծրագրերը նպաստել են ճգնաժամից տնտեսության վերականգնմանը՝ ուղղորդելով վարվող քաղաքականությունը և տրամադրելով ֆինանսական աջակցություն, այդ թվում՝ բյուջեին: Այդ նպատակները մեծ մասամբ իրականացվել են, թեև հավելյալ առաջընթաց է անհրաժեշտ որոշ ոլորտներում, մասնավորապես՝ արտաքին հաշվեկշռի և գործարար միջավայրի բարելավման ու աղքատության հաղթահարման մասով:

— Որքանո՞վ է հավանական, որ ԱՄՀ-ն նոր վարկային ծրագիր կսկսի Հայաստանի հետ: Եթե այո, ապա ինչի՞ վրա այն կկենտրոնանա:

— Այս տարվա վերջին դա իրատեսական հնարավորություն է: Մենք կկենտրոնանանք մեր ավանդական մակրոտնտեսական թիրախների վրա՝ պահուստներ, բյուջեի դեֆիցիտ, բայց նաև կցանկանանք տեսնել ներդրումային միջավայրը բարելավելուն ուղղված ավելի վճռական առաջընթաց, որպեսզի հնարավոր լինի ապահովել տնտեսական բարձր և ընդգրկուն աճ, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, քան թե կկենտրոնանա մի քանի հոգու ձեռքում:

— ԱՄՀ-ն շարունակաբար բարձրաձայնում է Հայաստանում հարկային վարչարարության կատարելագործման անհրաժեշտության մասին։ Կառավարության գործողությունները որքանո՞վ են արդյունավետ եղել այս առումով, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը շարունակում է տարածաշրջանում ամենացածրը լինել, և որ ստվերային տնտեսությունը պաշտոնական գնահատականներով կազմում է 35%։

— Կառավարությունն առաջընթաց գրանցել է, սակայն ավելի շատ ջանք է հարկավոր: Կառավարությունը բարելավումներ է արել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռիսկի վրա հիմնված ստուգումները (ստուգումների համար թիրախավորելով այն ոլորտները, որտեղ ռիսկը մեծ է), էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը (հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացում, որի նպատակն է բարձրացնել արդյունավետությունը և սահմանափակել կոռուպցիոն ռիսկերը), հարկատուներին մատուցվող ծառայությունները (տեղեկատվական կենտրոններ, թեժ գծեր, հայտաձևեր, կայքեր և այլն) և հարկային մարմինների գործողության բողոքարկումը (միջգերատեսչական հանձնաժողովի միջոցով):

Ավելին անելու անհրաժեշտություն կա, որպեսզի բավարարվի ծրագրի պահանջների կիրարկումը՝ պայքարել ստվերային տնտեսության դեմ՝ մեծացնելով ներուժն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գնագոյացման շղթայի վերահսկումը (երբ փոխկապակցված ընկերությունները, խուսափելով հարկերից, իրենց ապրանքները/ծառայությունները վաճառում են ոչ շուկայական գներով): Կոնկրետ ոլորտներում, ինչպիսիք են հանքարդյունաբերությունն ու բանկինգը, կարիք կա ներուժի զարգացման:

— Առաջիկա հինգ տարում կառավարությունը ծրագրում է տարեկան կտրվածքով հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի բարելավում 0,4-տոկոսային կետով։ Նման տեմպը գոհացնո՞ւմ է ԱՄՀ-ին։ Ինչո՞ւ, ըստ Ձեզ, կառավարությունն ավելի համարձակ քայլերի չի դիմում։

— Մենք կցանկանայինք, որ դա էապես ավելի շատ մեծանար: Մենք բյուջեի ընդհանուր դեֆիցիտը ՀՆԱ-ի 2.6%-ից մինչև 2% իջեցնելու հնարավորություն ենք տեսնում 2013-2015 թթ., որպեսզի պետական պարտքը կայունանա ՀՆԱ-ի հետ տոկոսային հարաբերակցության առումով. մեր գնահատականներով՝ դա հնարավոր է բյուջեի 2% դեֆիցիտի պարագայում: Այս մակարդակին հասնելու համար կա՛մ պետք է ավելանան հարկային հավաքագրումները, կա՛մ էլ պետք է կրճատվեն պետական ծախսերը: Մենք չենք կարծում, որ ծախսերի կրճատումը ցանկալի տարբերակ է, քանի որ կարիք կա ինչպես նոր ենթակառուցվածքների ստեղծման, օրինակ՝ ճանապարհների, այնպես էլ սոցիալական ծախսերի՝ առողջապահության, կրթության և այլ ոլորտներում:

Կան մի քանի ոլորտներ, որտեղ հնարավոր է եկամուտների ավելացում, օրինակ՝ դիզվառելիքի (նոր ակցիզային հարկ պետք է մտցնել հեղուկ բնական գազի մասով, որը չի հարկվում ինչպես բենզինը), ծխախոտի և ալկոհոլի ակցիզային հարկերի բարձրացման և հարկային վարչարարության շարունակական բարելավման միջոցով: Խոշոր ընկերությունների և հարուստ անհատների հարկումը պետք է ուժեղացվի:

— ԱՄՀ-ի խորհրդով՝ հատկապես վերջին երեք տարիներին Հայաստանն իրականացնում է զսպողական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն՝ ուղղված մակրոտնտեսական կայունության պահպանմանը: Արդյոք ժամանակը չէ՞, որ Հայաստանն անցում կատարի ընդլայնողական քաղաքականության՝ հաշվի առնելով տնտեսական աճի դանդաղման ներկայիս ռիսկերը:

— Ո՛չ, մենք չենք կարծում, որ Հայաստանը պետք է անցում կատարի ընդլայնողական քաղաքականության, քանի դեռ Հայաստանի կամ գլոբալ տնտեսության էական շոկ չկա: Նույնիսկ այդ պայմաններում, ընդլայնողական քաղաքականության անցնելու Հայաստանի հնարավորությունները կարող են սահմանափակված լինել ֆինանսական միջոցների հասանելիությամբ:

Մեկնաբանել