Մի կյանքի շրջապտույտ

«Շրջապտույտ» գրքում Նատալյա Թադևոսյանի հուշերն են՝ 1917-1921 թթ. իրադարձությունների մասին։

Մայիսի 3-ին Հենրիկ Մալյանի անվան թատրոնում կայացավ Գարեգին Զաքոյանի «Շրջապտույտ» գրքի շնորհանդեսը։ Ռեժիսոր և սցենարիստ Զաքոյանն այս անգամ խմբագրի դերում էր, իսկ գրքում Նատալյա Թադևոսյանի հուշերն էին։

1989թ. Գարեգին Զաքոյանը Շվեյցարիայում էր՝ հայկական պատվիրակության կազմում մասնակցում էր Նիոնի Վավերագրական կինոյի միջազգային փառատոնին: Այցի շրջանակում Զաքոյանը հարցազրույց է տալիս ռադիոյին, որից հետո 80-ամյա Նատալյա Թադևոսյանը զանգահարում է Ժնևից և ցանկություն հայտնում ծանոթանալ նրա հետ: Զաքոյանը գտնում է Նատալյայի տունը ժնևում և նրանից նվեր ստանում մի ձեռագիր, որում կինը պատմում է իր կյանքի վաղ շրջանի հուշերը՝ 1917-ից մինչև 1921-ը։

Տարիներ էին անհրաժեշտ՝ ձեռագիրը հրատարակության պատրաստելու համար. գոյություն ուներ երեք տարբերակ, որոնք էլ խմբագիրը պետք է ի մի բերեր:

Զաքոյանն այսօր էլ Նատալյային ամենաջերմ խոսքերով է հիշում։ «Չեք պատկերացնի՝ ի՜նչ կին էր: Գեղեցիկ էր, այդ տարիքում էլ չէր փոխվել: Ես միանգամից սիրահարվեցի: Այդ սերն էր, որ ստիպեց ինձ այսքան տարի տանջվել ու ավարտի հասցնել այս գիրքը: Նրա պատմությունն այնքան անմիջական է, կենդանի: Տեքստը հենց դետալներով է հետաքրքիր: Մարիետա Շահինյանի, Գարեգին Նժդեհի և շատ ուրիշների մասին նրա պատմած դրվագներն այնքան անկեղծ են, թարմ: Բացի դրանից՝ Նատալյան տեղեկություններ է տվել այնպիսի իրադարձությունների մասին, որոնք մինչ այժմ նկարագրված չեն եղել: Ես, օրինակ, երբևէ չեմ հանդիպել Երևանյան ապստամբության մասին հուշերի»,– ասաց Գարեգին Զաքոյանը։

Գրքի էջերից ընթերցողին է ներկայանում մի զարմանալի կին՝ գեղեցիկ, կրթված, իմաստուն, որը, հիշելով իր մանկության արհավիրքները, պատմում է դրանց մասին առանց դառնության՝ կյանքի մայրամուտին անգամ պահպանելով լավատեսությունն ու հավատը:
Հոկտեմբերյան հեղափոխություն, փախուստ Հայաստան, Առաջին հանրապետության կազմավորում և ավարտ, նորից գաղթ՝ այս ամենին ականատես է եղել Նատալյան՝ բարեկեցիկ մտավորականների ընտանիքի զավակը։

Թադևոսյանները Ագուլիսից էին սերում: Նատալյայի հայրն ու հորեղբայրները Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադիրներից Քրիստոփոր Միքայելյանի քրոջ որդիներն էին՝ Հովսեփ, Լևոն և Սամսոն: Երեքն էլ հայտնի գործիչներ էին: Նատալյայի հայրը՝ Հովսեփը, Լազարյան ճեմարանի տեսուչն էր, Մոսկվայում հայտնի մտավորական: Ստեփանը, որին նաև Սամսոն էին կոչում, պարսկական հեղափոխության գործիչներից էր, Պարսկաստանում մեծ հեղինակություն վայելող հեղափոխական: Լևոնն էլ Հայաստանի պառլամենտի անդամ էր: Հեղափոխությունը փոխեց այս ընտանիքի ճակատագիրը:

Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը գրքի առաջին ընթերցողներից է եղել: «Բախվում ես մի ժամանակաշրջանի, որը բեկումնային էր ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ քաղաքակրթության համար: Ընթերցողը տպավորություն է ունենում, որ ֆիլմաշար է դիտում, որտեղ աչքի առջև անցնում են պատմության հայտնի դեմքեր՝ Վրացյան, Աղբալյան, Շանթ և ամենի կենտրոնում՝ Նատալյա Թադևոսյանը մանուկ հասակում: Հուշագրությունը մի շարք ուղերձներ ունի՝ պատմությանը տեր կանգնելու, անհատի կայացման ճանապարհն արժևորելու, նաև մեր ապագան արժևորելու»,– ասաց նա։

Խմբագիրը ոչինչ չի ավելացրել տեքստին: Խորհրդատուի դերում հանդես է եկել Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Գրքի վերջում հեղինակներն առանձին ցանկով ներկայացրել են Նատալյայի «հիշողության վրիպակների» բացատրությունները՝ անուններ, տարեթվեր և այլն:

Ամատունի Վիրաբյանը տպավորված է գրքից: «Մեր իրականության մեջ չկար այսպիսի հուշագրություն, որը պատմեր մեկ ընտանիքի ճակատագիրը 1917-ից 1921 թթ.: Կային, իհարկե, Քաջազնունու, Խատիսյանի և մյուսների հուշերը, սակայն նրանք նկարագրում էին քաղաքական իրադարձություններ, իսկ հուշեր, որտեղ կպատմվեր մարդու ճակատագրի, կենցաղի, առօրյայի մասին մանրամասն բնութագրերով, ոչինչ չունեինք: Ես գտնում եմ, որ սա կինոյի համար հրաշալի սցենար կարող է դառնալ»,– ասաց Ազգային արխիվի տնօրենը:

Գարեգին Զաքոյանի՝ արխիվների իմացությունը թույլ է տվել նրան լավագույնս նկարազարդել գիրքը: Գրքում կարելի է տեսնել Նատալյա Թադևոսյանի ընտանիքի անդամների, քաղաքական և մշակութային գործիչների եզակի լուսանկարները, ինչպես նաև հեղափոխական տարիների փաստագրական կադրեր:

Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամը նախաձեռնել է Նատալյա Թադևոսյանի հուշերի հայերեն թարգմանությունը, որը կիրականացվի մոտ ապագայում: Գիրքը լույս կտեսնի «Հորձանուտ» վերնագրով:

Մեկնաբանել