ԱՊՊԱ-ն հաղթահարում է վնասաբերությունը

ԱՊՊԱ ոլորտի վնասաբերության մակարդակը մարտին կազմել է 79,6%՝ ամսական կտրվածքով նվազելով 11-տոկոսային կետով. սա այն դեպքում, երբ սակագների հիմքում դրված է 78% ցուցանիշը։ Վնասաբերությունը ոլորտում հունվարին եղել է 82%, փետրվարին կտրուկ ավելացել է մինչև 91% (առանց Ավտոապահովագրողների բյուրոյի, միայն ապահովագրական ընկերությունների կտրվածքով՝ 88%)։

Համաձայն Ավտոապահովագրողների բյուրոյի վիճակագրական տվյալների՝ ամսական կտրվածքով վնասաբերության մակարդակի նվազումը պայմանավորված է առաջին հերթին սեզոնայնության գործոնով։ Միտումի պահպանման դեպքում առաջիկա ամիսներին ոլորտին կհաջողվի դուրս գալ վնասաբերության տիրույթից։

Մարտին ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակն ավելացել է 2,14 հազ-ով՝ ամսվա վերջին հասնելով 367,86 հազ-ի։ Այդ ընթացքում ապահովագրավճարների ծավալն ավելացել է Դ814 մլն-ով՝ մինչև Դ7,4 մլրդ, մեկ ԱՊՊԱ պոլիսի միջին սակագինը կազմել է Դ38 հազ.։

Նույնիսկ այս պայմաններում առաջին եռամսյակում ԱՊՊԱ ոլորտում մեկ պայմանագրի միջին սակագինը եղել է բավական փոքր՝ Դ20 հազ.։ Եթե հաշվի առնենք, որ մեկ տարվա պայմանագրի նվազագույն սակագինը Դ25 հազ. է (մինչև 80 ձիաուժ շարժիչի հզորությամբ ավտոմեքենաների համար, երբ վարորդի տարիքը գերազանցում է 23 տարին, իսկ վարորդական ստաժը 3 տարուց ավելի է), ապա ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ պորտֆելում շարունակում են գերազանցել կարճաժամկետ պայմանագրերը։

Թեև մարտին փետրվարի համեմատ բավարարված դիմումների քանակը կրճատվել է 832-ով, ամսվա ընթացքում ապահովագրական ընկերություններն ընդհանուր առմամբ բավարարել են 4,5 հազ. դիմում՝ հատուցելով Դ915 մլն։ Ցուցանիշները գրեթե նույնական են 2012թ. մարտի հետ։ Ստացվում է, որ մարտին ամսական կտրվածքով դիմումների քանակի նվազումը պարզապես սեզոնային գործոն է և ոչ թե վարորդների զգոնության արդյունք։ Ընդհակառակը, այս տարվա երեք ամիսներին ապահովագրական ընկերությունների կողմից բավարարված հատուցման դիմումների քանակը 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26,5%-ով։ Այդուհանդերձ, այս հունվարի-մարտին հատուցումներին ուղղված միջին գումարը մնացել է նույն մակարդակին, ինչ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ Դ198 հազ.։

Բացի այդ՝ ապահովագրական ընկերություններին կարծես հաջողվել է ստվերից դուրս բերել ավտոմեքենաները։ Այսպես՝ այս տարվա մարտի վերջին ԱՊՊԱ պայմանագրեր ունեցող ավտոմեքենաների թիվը 2012թ. մարտի համեմատ ավելացել է 34 հազ-ով։ Եթե հաշվի առնենք անցած տարվա վերջին երեք եռամսյակներին և այս տարվա առաջին երեք ամիսներին ներկրված ավտոմեքենաների թիվը (ընդհանուր առմամբ՝ 36,4 հազ.)՝ ապա անցած տարվա համեմատ ստվերը, նվազագույնը, չի ավելացել։

Մեկնաբանել