Վճռաբեկը ՀԱԿ ակտիվիստների գործը հետ ուղարկեց վերաքննիչ

Վճռաբեկ դատարանը` քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր` մայիսի 8-ին, որոշեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի փաստաբանների բողոքը բավարարել մասնակի, բեկանել վերաքննիչ դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Նշենք, որ բողոքը ներկայացրած փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու Ստեփան Ոսկանյանը նիստին չեն մասնակցում:

ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վճռաբեկ դատարանն ուներ բոլոր հիմքերը` իրենց արդարացնելու համար, սակայն կայացրել է նման որոշում` նպատակ ունենալով ձգձգել դատական գործընթացը և ճնշում գործադրել ՀԱԿ ակտիվիստների վրա: Նա նշեց, որ վերաքննիչ դատարանի հետ հույսեր չի կապում, քանի որ գործընթացը քաղաքական է և կարող է կրկին ձգձգվել:

ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբայնը ևս համանման տեսակետ հայտնեց` նշելով, որ դատական գործընթացի ձգձգումով նպատակ ունեն ճնշում գործադրել ՀԱԿ ակտիվիստների վրա: Զուրաբյանը նշեց, որ այդուհանդերձ, իրենք պայքարը չեն դադարացնելու:

Նշենք, որ մինչ դատարանը որոշում էր կայացնում, դատարանի բակում ՀԱԿ համակիրները բողոքի ակցիա էին իրականացնում` վանկարկելով «Ազատություն»:

2012թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման` 2011թ. օգոստոսի 9-ին ոստիկանների հետ վիճաբանության պատճառով:

2012թ. նոյեմբերի 13-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատավճիռը բեկանելու դիմումը:

Մեկնաբանել