«ԱրմենՏել»-ը նոր տնօրեն ունի

Լուսանկարը` «ԱրմենՏել»-ի լրատվական ծառայության

«ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը` ի դեմս իր «ԱՊՀ» բիզնես միավորի, հայտարարում է, որ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մասը կազմող «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Պյատախինը: «ՎիմպելԿոմ»-ի տարածած հաղորդագրության համաձայն` Անդրեյ Պյատախինն իր պարտականությունները կստանձնի 2013թ. հունիսից:

«Մենք ուրախ ենք, որ Անդրեյը որոշում ընդունեց գլխավորել «ՎիմպելԿոմ»-ի դուստր ձեռնարկությունը Հայաստանում: Մեր ընկերությունում նա 12 տարի շարունակ աշխատել է տարբեր պաշտոններում, և նրա ղեկավարած բոլոր ուղղություններում մեծ հաջողություններ են գրանցվել: Համոզված եմ, որ «ԱրմենՏել» ընկերության թիմում նման լուրջ համալրումը կօգնի տեղական բիզնեսին բարելավել իր դիրքերը»,- ասել է «ՎիմպելԿոմ Լտդ.» ընկերության ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կռոմսկին:

«Հայաստանում գործի անցնելն ինձ համար կարևոր փուլ է իմ աշխատանքային կարիերայում և նոր փորձ ձեռք բերելու հնարավորություն: Իմ հերթին, ես «ԱրմենՏել» ընկերությունում կներդնեմ երկար տարիների ընթացքում կուտակած փորձը, ներկայումս արդի նորարարական լուծումներ, ինչպես նաև կփորձեմ առավելագույն ուշադրության արժանացնել ընկերության բաժանորդների սպասարկման որակը»,- նշել է Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2013թ. հունվարից «ԱրմեՏել» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը: 2012թ. դեկտեմբերին «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն որոշում էր կայացրել լքել ընկերությունը՝ կողմերի համաձայնությամբ։

Հեռահաղորդակցության ոլորտում Անդրեյ Պյատախինի մասնագիտական ուղին սկսել է 1996-ից: 4 տարվա ընթացքում նա անցել է մարքեթինգի բաժնի մասնագետից մինչև Լիպեցկի մասնաճյուղի «Չեռնոզոմեեի բջջային կապի» (ТМ «Сотел») փոխտնօրենի ուղին:

2001թ. Անդրեյ Պյատախինն աշխատանքի է անցել «ՎիմպելԿոմ»-ում որպես Լիպեցկի մասնաճյուղի կոմերցիոն տնօրեն, իսկ 2004-ից սկսել է աշխատել ՈՒրալի շրջանի կոմերցիոն տնօրենի պաշտոնում: 2006-ից պատասխանատու էր Մոսկովյան տարածաշրջանի, իսկ այնուհետև ողջ բիզնես միավորի կորպորատիվ վաճառքների համար: «ՎիմպելԿոմ»-ի և «Գոլդեն Տելեկոմ»-ի միավորումից հետո նշանակվել է Ռուսաստանի շրջաններում կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով տնօրեն: 2009-ից ղեկավարում է Beeline-ը Վրաստանում, իսկ 2011-ից ի վեր նշանակվել է մոսկովյան տարածաշրջանի փոխնախագահի և տարածաշրջանային տնօրենի պաշտոնում:

Մեկնաբանել