Նստացույց հայտարարած ազատամարտիկների թիվը հասել է երկու տասնյակի

Երեկվանից նստացույց հայտարարած պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին աջակցող ազատամարտիկների թիվն այսօր Ազատության հրապարակում արդեն հասել է ավելի քան երկու տասնյակի:

Ազատամարտիկները զուգահեռ ստորագրահավաք են անցկացնում, որ երկուշաբթի դիմումի հետ միասին ներկայացնեն կառավարությանը` պահանջելով արմատապես վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները և զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը:

«Այդ գումարները չեն բավարարում, որ ազատամարտիկներն իրենց ընտանիքները պահեն, ապրեն, դրա համար հավաքվել ենք, մեր ակցիան կատարում եք, որ կառավարությունը, պետությունը մեր մասին իմանան, որից հետո վաղը` մինչև ժամի 13:00-ը, հանձնելու ենք նամակն ու սպասենք պատասխանին»,- ըստ Tert.am-ի` ասել է Վոլոդյա Ավետիսյանը` հավելելով, որ պատասխանից հետո արդեն համապատասխան քայլեր կձեռնարկեն:

Գնդապետի հետ Ազատության հրապարակում ազատամարտիկների շարքերում է նաև Էրեբունի շրջանի «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Ռուբիկ Իսրայելյանը:

«Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարը համաձայն է, որ ազատամարտիկների այս քայլը ապտակ է պետությանը, բայց նշում է, որ մինչ նման ծայրահեղ քայլին դիմելը այլ ճանապարհներով իրենք շատ են փորձել հարցին լուծում տալ, սակայն ոչինչ չի ստացվել:

«Շատ-շատ ենք փորձել՝ արդյունք չկա: Մինչև 1994-ը ինչ-որ ազգին պետք ա եղել, արյան գնով արել ենք: Տիգրան Մեծից հետո առաջին հաղթած սերունդն ենք, որ այսօր փառքի մեջ պետք է ապրեինք, բայց բոմժի կարգավիճակով ենք ապրում: Սրա վերջը մենք ո՞ւր ենք հասնելու, մինչև ո՞ւր: Ամեն օր խոսում ենք Ցեղասպանությունից, իսկ էսի ի՞նչա, էսի առանց արյուն ցեղասպանություն չի՞»,- հարցադրում է անում ազատամարտիկը:

Մեկնաբանել