Կառավարությունը կրկնվում է գործելաոճում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության մայիսի 16-ի նիստում հայտարարել է Հայաստան առաքվող ռուսական գազի գնի 30%-ը սուբսիդավորելու որոշման մասին։ Այն կյանքի կոչելու համար առաջիկա տարում կպահանջվի մոտ $140 մլն, որը գործադիրը կարող է ներգրավել Որոտանի հէկերի համալիրի վաճառքից ստացվող միջոցների հաշվին։ Գործելաոճն ըստ էության նույնն է, ինչ 2006թ.։

Մայիսի 16-ի կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ պաշտոնական նամակ է ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահին՝ գազի գնի վերանայման կապակցությամբ։ «Տեղյակ եք, որ «ՀայՌուսգազարդը» հանձնաժողով ներկայացրած հայտով տեղեկացնում է, որ Հայաստան գազ պետք է մատակարարվի $270/1000 խմ գնով։ Իմ նամակում, որը ես ուղղել եմ Ռոբերտ Նազարյանին, արձանագրում ենք, որ կառավարությունը 30%-ով սուբսիդավորելու է գազի սակագինը»,– ասաց վարչապետը։

Մայիսի 14-ին «ՀայՌուսգազարդը» հայտով դիմել էր ՀԾԿՀ՝ առաջարկելով բնակչությանը վաճառվող 1000 խմ գազի ներկայիս Դ132 հազ. գինը բարձրացնել մինչև Դ221 հազ. (աճը՝ 67,4%), իսկ խոշոր գազ սպառողների համար 1000 խմ գազի գին սահմանել $392,05՝ ներկայիս $243,13-ի դիմաց (աճը՝ 61,3%)։

Վարչապետի հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ գործադիրն ըստ էության կրկնում է 2006թ. սխալները։ «Գազպրոմին» Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքից ներգրաված $248,8 մլն-ի մի մասը՝ $188,8 մլն-ը, կառավարությունը 2006թ. ուղղեց 2006-2008 թթ. համար գազի գնի համատարած սուբսիդավորմանը։ Այն տարիներին գործադիրը սուբսիդավորում էր բնակչությանը վաճառվող գազի սակագնի 30%-ը, խոշոր գազասպառողների դեպքում՝ 34%-ը։ Այս անգամ պարզապես այլ է սխեման. կառավարությունը պատրաստվում է սուբսիդավորել ոչ թե վերջնական սպառողի համար սակագնի, այլ «ՀայՌուսգազարդի» կողմից գազի ձեռքբերման գնի 30%-ը, այսինքն՝ $270-ի $81-ը (1000 խմ-ի հաշվով)։

Վարչապետի հայտարարությունն ուշագրավ է մեկ առումով ևս։ Տիգրան Սարգսյանը նախկինում դեմ է արտահայտվել գազի գնի համատարած սուբսիդավորման հնարավորությանը։ 2009թ. դեկտեմբերի 25-ի ասուլիսին պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ կառավարությունը, ինչպես նախկինում, սուբիսդավորի գազի գինը, Տիգրան Սարգսյանը պատասխանել էր. «Իմ մտքով նման բան չի անցել։ Եվ Ձեզ խորհուրդ եմ տալիս ոչ մեկի նման բաներ չհուշել։ Ո՛չ, ես կողմնակից չեմ»։ Հաջորդած չորս տարիները, փաստորեն, փոխել են Տիգրան Սարգսյանի դիրքորոշումն այս հարցում։

Էկոնոմիկայի նորանշանակ նախարարի մոտեցումները նույնպես միանշանակ չեն։ «Եթե դուք սուբսիդավորում ենք անընդհատ, երկարատև, դա իսկապես վատ է։ Բայց եթե գները կարող են կտրուկ բարձրանալ, ապա այդ դեպքում չսուբսիդավորելը շատ վտանգավոր է։ Ինչ վերաբերում է սուբսիդավորման գաղափարախոսությանը, ապա համատարած սուբսիդավորումը լավ չէ։ Ընդհանրապես սուբսիդավորումը լավ բան չի»,– ասել է Վահրամ Ավանեսյանը։

Ստացվում է, որ կառավարությունը գնում է գազի գնի համատարած սուբսիդավորման այն դեպքում, երբ մոտեցումը չի արդարացնում թե՛ վարչապետը, թե՛ էկոնոմիկայի նախարարը։

Հանուն խոշորների
Այս ամենից զատ՝ գազի գնի սուբսիդավորումը նաև թանկ արժե։ Պետբյուջեի միջոցները բավական սուղ են այս նպատակի համար, և գործադիրը ստիպված է լինելու քննարկել պետական որոշ ակտիվների վաճառքի հնարավորությունը։

ՀԾԿՀ ներկայացված հայտում «ՀայՌուսգազարդը» այս տարվա հուլիսի 1-ից մինչև 2014թ. հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածի համար նշել է 1,7 մլրդ խմ գազի ձեռքբերում։ Այս ծավալի պայմաններում գազի գնի 30% սուբսիդավորումը կառավարությանն ընդհանուր առմամբ $140 մլն կարժենա։

Ընդ որում՝ սուբսիդավորման դեպքում նույնիսկ վերանում է վերջնական սպառողների համար գազի սակագնի վերանայման անհրաժեշտությունը, քանի որ «ՀայՌուսգազարդի» համար գազի գինը կազմելու է արդեն $189/1000 խմ։ Բնակչության համար այսօր գործող Դ132/1 խմ և խոշոր սպառողների համար՝ $243,13/1000 խմ սակագնի հիմքում դրված է ռուսական գազի $180/1000 խմ գինը։
Հաշվարկներից պարզ երևում է, որ կառավարության համատարած սուբսիդավորումից առաջին հերթին շահելու են խոշոր գազասպառողները՝ բիզնեսը, քանի որ Հայաստանում իրացվող գազի մոտ 60%-ը բաժին է ընկնում հենց նրանց։

Հասկանալի է, որ կառավարությունը հավերժ չի կարողանալու սուբսիդավորել գազի գինը, և 2014թ. երկրորդ կեսին գազի «թանկացումից» հնարավոր չի լինելու խուսափել։ Բիզնեսին նոր իրավիճակին հարմարվելու, արտադրության արդիականացման, էներգախնայող տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու համար մնում է մեկ տարի։ Սա բավական կարճ ժամանակահատված է, հատկապես երբ հաշվի ենք առնում 2006-2008 թթ. փորձը՝ հնարավորություն, որը տնտեսավարողներն այդպես էլ չօգտագործեցին։

Գազ՝ Որոտանի հաշվին
«Օրակարգի» աղբյուրների փոխանցմամբ՝ որպես սուբսիդավորման ֆինանսական աղբյուր կառավարությունը դիտարկում է ռուսական կողմին էներգետիկ ակտիվների վաճառքի հնարավորությունը։ Խոսքը, մասնավորապես, Որոտանի հէկերի համալիրի մասին է։
Համալիրը, իհարկե, բարոյապես մաշված է, սակայն պետք է հաշվի առնել, որ նրա վերազինման համար ֆինանսական անհրաժեշտ միջոցները կան։ 2010թ. վերջին կառավարությունը գերմանական KfW բանկի հետ ստորագրել է €51 մլն-ի վարկային պայմանագիր։ Միջոցները պետք է ուղղվեն Որոտանի համալիրի «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հէկերի արդիականացմանը և վերազինմանը։ Արդիականացումից հետո, ամենամոտավոր հաշվարկներով, Որոտանի համալիրն առնվազն $400 մլն կարժենա (համալիրի գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404,2 ՄՎտ)։ Թե իրականում ինչ գնով է կառավարությունը պատրաստվում վաճառել հէկերը, անհայտ է։

Խոշոր տնտեսավարողներին հերթական անգամ փրկելու համար Որոտանի հէկերի համալիրի վաճառքը նվազագույնը վիճահարույց է։
Բանն այն է, որ հէկերի այս համալիրը ներկայում ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը, որը, ի դեպ, ամենաէժանն է համակարգում։ Որոտանի հէկերի համալիրը 1 ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիան իրացնում է Դ4-ով, այն դեպքում, երբ օրինակ՝ Մեծամորի ատոմակայանի էլեկտրաէներգիայի գինը կազմում է ֌4,8/ԿՎտժ, իսկ ժամանակակից տեխնոլոգիայով գործով «Հրազդան-5» ջէկինը՝ Դ21,65/ԿՎտժ։

Հրաժարվելով Որոտանի հէկերից՝ պետությունը կկորցնի ոչ միայն վերջին էներգետիկ ակտիվը (բացառությամբ Մեծամորի ատոմակայանի), այլև հնարավորությունը՝ մեղմելու գալիք տարիներին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։

Մեկնաբանել