Ֆինանսների նախարարությունը համաձայն չէ Կենտրոնական բանկի գնահատականներին

Համաձայն Կենտրոնական բանկի 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի՝ ընթացիկ տարում տնտեսական աճը կձևավորվի 4,7-5,7%-ի միջակայքում՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով 5-6%-ի շրջանակում։ Ֆինանսների նախարարությունում կարծում են, որ տնտեսական աճը մոտ 1-տոկոսային կետով ավելի կլինի, իսկ իրական ՀՆԱ-ն փոքր-ինչ կզիջի երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին։

Կենտրոնական բանկի 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծում, որը նախատեսված է քննարկել գործադիրի մայիսի 23-ի նիստում, ֆինանսների նախարարությունը նշում է, որ տնտեսական աճի կառավարության և ԿԲ գնահատականների տարբերությունը բացատրվում է գյուղատնտեսության ճյուղի աճի սպասումներով։ «Մեր սպասումները գյուղատնտեսության տարեկան աճի վերաբերյալ ավելի լավատեսական են՝ աճի գնահատականը 4,5% է, մինչդեռ ԿԲ կանխատեսումներով ակնկալվում է 2-4% աճ, չնայած որ նշվում է, որ դա առավել քիչ ռիսկային տարբերակն է»,– նշվում է ֆինանսների նախարարության պատրաստած փաստաթղթում։

Ուշագրավ է, որ չհամաձայնելով ԿԲ-ի կողմից գյուղոլորտի կանխատեսումներին՝ ֆինանսների նախարարությունը վկայակոչել է նույն այն տվյալները, որոնք բերել է 2012թ. վերջին՝ այս տարվա բյուջեն ծրագրելիս։ Հասկանալի է, որ օբյեկտիվ պատճառներով գյուղատնտեսության ոլորտում այս տարի աճն ավելի փոքր կլինի՝ պայմանավորված Արմավիրի և Արագածոտնի մարզում կարկտահարություններով։ Հաշվի առնելով նաև այն, որ գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում անցած տարվա տվյալներով կազմում է 19,1%, ոլորտի աճի տեմպի դանդաղումը հանգեցնելու է տնտեսական աճի նվազման։

Տնտեսական աճի կանխատեսումը միակը չէ, որի շուրջ տարբեր են ֆինանսների նախարարության և ԿԲ գնահատականները։ Եթե ֆիննախը ավելի լավատես է տնտեսական աճի մասով, ապա ԿԲ-ից ավելի հոռետես է մասնավոր ներդրումների հարցում։ «Համախառն պահանջարկին վերաբերող հատվածում ներկայացված 2013թ. մասնավոր ներդրումների աճի 5,1% ցուցանիշը բարձր է մեր գնահատականներից: Նկատի ունենալով, որ ներդրումների կառուցվածքում մեծ է շինարարության դերը, իսկ շինարարության կանխատեսումները հիմնականում համահունչ են մեր կանխատեսումների հետ, կարծում ենք՝ ներդրումների բարձր աճի ցուցանիշը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի»,– ասվում է ֆինանսների նախարարության կողմից պատրաստված փաստաթղթում։

2013թ. բյուջեի նախագծի «Մակրոտնտեսական կանխատեսումներ և վերլուծություն» բաժնում կառավարությունը նշել է, որ ընթացիկ տարում շինարարության դրական աճի և ներդրումային միջավայրի ակնկալվող բարելավման արդյունքում կանխատեսվում է կապիտալ ներդրումների 8,7% աճ, ընդ որում՝ կաճեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումները՝ համապատասխանաբար կազմելով 25,5% և 5,4%։ Ստացվում է, որ կառավարությունն արդեն իսկ վերանայել է իր կանխատեսումները՝ մասնավոր ներդրումների մասով, և նույնը կոչ է անում ԿԲ-ին։

Ֆինանսների նախարարությունում կարծում են, որ ԿԲ ենթադրությունը, թե 2013թ. ընթացքում տեղի կունենա առևտրի պայմանների վատթարացում՝ լիարժեք հիմնավորված չէ՝ պայմանավորված միջազգային ապրանքային շուկաների զարգացումներով։ «Մեր գնահատականներով՝ համաշխարհային գների սպասվող զարգացումների ներքո առավել հավանական է, որ առևտրի պայմանները գոնե կմնան անփոփոխ: Այս փաստարկը հիմնավորվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կատարված կանխատեսումներով, որոնց համաձայն՝ 2013թ. ակնկալվում է նավթի գների առաջանցիկ նվազում՝ ոչ նավթային ապրանքների գների նվազման համեմատ»,– նշել է ֆինանսների նախարարությունը։

Ֆիննախի պատրաստած փաստաթղթում ասվում է նաև, որ դրամավարկային քաղաքականության ելակետային չեզոք սցենարի ընտրության ներքո Կենտրոնական բանկը պետք է շարունակի ցուցաբերել առավել բարձր ճկունություն՝ տնտեսական ակտիվության նվազման ռիսկերի դրսևորման պարագայում պատրաստ լինելով ճշգրտել քաղաքականության ուղղությունները, քանի որ հարկաբյուջետային քաղաքականության ճկունությունը սահմանափակվում է պարտքի կայունության ապահովման խնդրով։ «Ճկուն դրամավարկային քաղաքականության անհրաժեշտությունը է՛լ ավելի կարևորվում է համաշխարհային տնտեսության զարգացումներում պահպանվող վատատեսական սպասումների և գազի գների հնարավոր բարձրացման պայմաններում, որոնք տնտեսական աճի նվազման ուղղությամբ որոշակի ռիսկեր են պարունակում»,– նշել է ֆինանսների նախարարությունը։

Մեկնաբանել