Բարձրավոլտը չի կապվում Վրաստանին

Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման երրորդ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ծրագիրը ոչ միայն չի սկսվել, այլև թանկանում է։ Կառավարությունը գերմանական KfW բանկից «Հոսանքահաղորդման բաց ծրագիր (Հայաստան-Վրաստան հոսանքահաղորդիչ ուղի/ բարձրավոլտ էլեկտրակայաններ)» նախագծի համար կարող է ստանալ մինչև ˇ75 մլն-ի վարկ։

Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման երրորդ էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը պետք է ավարտված լիներ դեռ 2007թ. գարնանը։ Սակայն ենթակառուցվածքային այս ծրագիրը ոչ միայն չի ավարտվել, այլև չի էլ սկսվել։

2008թ. դեկտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի Վրաստան այցի ընթացքում հայտարարվեց, թե համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստան-Վրաստան 400 կՎ բարձրավոլտ գծի շինարարությունը մինչև 2009թ. վերջն ավարտելու համար։ 2011թ. նոյեմբերին կայացած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Տիգրան Սարգսյանը նույնիսկ հայտարարեց, որ բարձրավոլտ էներգետիկային վերաբերող ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են։

Այս մայիսի 23-ին Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության գործունեության 2013-2017 թթ. ծրագրում գործադիրը նշել է, որ էներգետիկ ոլորտում Հայաստանի կառավարության իրականացրած քաղաքականությունը միտված կլինի մասնավորապես «Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման, որը Հայաստանի հարևան երկրներով էլեկտրաէներգիայի տարանցիկ մատակարարման և արտահանման հնարավորություն կստեղծի»։

Չնայած բոլոր խոստումներին՝ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինաշխատանքները լավագույն դեպքում կարող են սկսվել ընթացիկ տարվա վերջին։ Բանն այն է, որ այս ծրագրի համար թեև առկա էին ֆինանսական միջոցներ (ըստ 2008թ. ձեռք բերված համաձայնության՝ գերմանական KfW բանկը պետք է հատկացներ ˇ20,4  մլն վարկային միջոցներ), կառավարությունը գերմանական բանկի հետ նոր դրամաշնորհային և վարկային համաձայնագրեր է կնքելու։

Այսպես՝ մայիսի 16-ին կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի և Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի միջև ֆինանսավորման համաձայնագրի» նախագծին։ Փաստաթղթով գերմանական KfW բանկը մինչև ˇ820 հազ-ի դրամաշնորհ է հատկացնելու «Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի ծրագրի» շրջանակներում մատուցվելիք փորձագիտական ծառայությունների համար։

Մայիսի 29-ին կառավարությունը հավանություն է տվել նաև «Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև 2012թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթով նախատեսվում է, որ գերմանական KfW բանկը կարող է մինչև ˇ75 մլն-ի վարկային միջոցներ հատկացնել «Հոսանքահաղորդման բաց ծրագիր (Հայաստան-Վրաստան հոսանքահաղորդիչ ուղի/բարձրավոլտ էլեկտրակայաններ)» նախագծի համար։

Նման ծավալով միջոցների հնարավոր ներգրավումն ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան ձգվող 105 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը գնահատվել է ˇ20 մլն։ Վարկային միջոցների մի մասը, ամենայն հավանականությամբ, նախատեսվում է ուղղել գործող 220 կՎ լարման գծերի արդիականացմանը։

Մեկնաբանել