Մարիխուանա ծխելու համար տուգանք՝ քրեական հետապնդման փոխարեն

Շվեյցարիայում 2013թ. հոկտեմբերի 1-ից մարիխուանա ծխողները քրեական պատասխանատվության ենթարկվելու փոխարեն կվճարեն 100 շվեյցարական ֆրանկ ($104) տուգանք, ասված է Շվեյցարիայի կառավարության հայտարարության մեջ:

«Այսուհետև մարիխուանայի չափահաս ծխողներից կգանձվի 100 ֆրանկ, ընդ որում՝ օրինախախտի մոտ պետք է այդ պահին լինի 10 գ մարիխուանայից ոչ ավել: Եթե նա չհակաճառի և վճարի տուգանքը, ապա քրեական հետապնդման չի ենթարկվի», – ասված է հայտարարության մեջ:

Տուգանք մտցնելու վերաբերյալ որոշումը շվեյցարական խորհրդարանի պատգամավորներն ընդունել են 2012թ. սեպտեմբերի 28-ին: Օրինագծի հեղինակները վստահեցնում են, որ դա պրագմատիկ քայլ է, քանի որ Շվեյցարիայում ժամանակ առ ժամանակ մարիխուանա է ծխում 350-500 հազ. մարդ:

Օրենսդիրների կարծիքով՝ ոստիկանների վրա շատ թանկ կնստի մեծ թվով «խոտի սիրահարների» հետապնդումը. ավելի լավ է ջանքերը կենտրոնացնել թմրաբիզնեսի դեմ պայքարելու գործում:

Որոշման հակառակորդներն, ընդհակառակը, պնդում են, որ այս քայլը կտանի թմրանյութի աստիճանական օրինականացմանը, որի դեմ 2008թ. հանրաքվեում հանդես է եկել շվեյցարացիների 63%-ը:

Մեկնաբանել