Ոստիկանությունը հանդես է եկել պաշտոնական տեղեկատվությամբ` Գորիսում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ

Ոստիկանությունը հանդես է եկել պաշտոնական տեղեկատվությամբ` Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան հարևանությամբ այսօր տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ։

Ըստ այդմ՝ հունիսի 1-ին` ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին` երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ա. Զաքարյանը և Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանը:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանություն են բերման ենթարկվել և հրավիրվել դեպքին մասնակից, ականատես հնարավոր վկաները, որոնք հարցաքննվում են:

Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ այսօր` ժամը 00:10-ի սահմաններում, հնչել են կրակոցներ, ինչ արդյունքում 1 հոգի մահացել է, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, որը, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության X զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը Նիկոլայ Աբրահամյանն է, որը Սյունքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է և թիկնապահը:

Նշվում է, որ կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի և որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երևան:

Մեկնաբանել