Կառավարությունն իր այսօրվա` հունիսի 6-ի նիստում հավանության արժանացրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը` սեփական դիմումի համաձայն: Հարցը կառավարությունում ներկայացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Կառավարության նիստի` նախապես հրապարակված օրակարգում հարցն ընդգրկված չէր:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմացի հատվածում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Սպանության փաստով կալանավորվել են Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:
Լուսանկարը` Ֆոտոլուրի