Գազի սակագինը կբարձրանա հուլիսի 7-ից

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց` գազի սակագինը կբարձրանա հուլիսի 7-ից։ Հանձնաժողովը հունիսի 7-ին, քննարկելով «ՀայՌուսգազարդի» մայիսի 14-ի դիմումը՝ վերանայել վեջնական սպառողների համար գազի սակագինը, որոշեց բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացնել 18%-ով` մինչև Դ156, իսկ խոշոր գազասպառողների համար 14%-ով` մինչև մինչև $276,98՝ 1000 խմ հաշվով։

«Ըստ «ՀայՌուսգազարդի» և «Գազպրոմի» պայմանագրի` գազի սակագինն ապրիլի 1-ից $270 է` 1000 խմ համար»,- ասաց ՀԾԿՀ-ի Սակագնային քաղաքականության վարչություն պետ Գարեգին Բաղրամյանը` հավելելով, որ գազի սակագնի բարձրացումը որոշակի ազդեցություն կունենա այլ ոլորտների վրա, որի գնահատումը սակայն հանձնաժողովի իրավասություններից դուրս է:

Իսկ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ գազի այս սակագինը գազակայաններում կունենա 5% բարձրացման ազդեցություն:

ՀԾԿՀ-ն, հաշվարկելով վերջնական սպառողների համար գազի սակագինը, հիմք է ընդունել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական նամակը, ըստ որի` կառավարությունը սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդի» կողմից սահմանին ձեռքբերվող գազի $270/1000 խմ գնի 30%-ը։ Այսինքն վերջնական սպառողների համար սակագին հաշվարկելիս հիմք է ընդունել $189/1000 խմ գազի գինը ներկայիս $180-ի փոխարեն։

«ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ Վարդան Հարությունյանի խոսքով` սահմանին 5% գազի թանկացման պայմաններում վերջնական սպառողների համար 18% բարձրացումը պայմանավորված է նաև փոխարժեքով։ «Դոլարային արտահայտությամբ վերջնական սպառողների համար սակագինը բարձրանում է 9%-ով»,- ասաց նա:

Մեկնաբանել