Գործատուների կողմից ձեռք բերվող կորպորատիվ կամավոր կենսաթոշակային սխեմաների տարբերակները Հայաստանում

Կորպորատիվ կամավոր կենսաթոշակային սխեմայում մասնակցությունը կենսաթոշակային խնայողություններ կատարելու ուղիներից մեկն է: Այս հնարավորությունը, որպես կանոն, աշխատողներին տրվում է գործատուի կողմից: Աշխատավայրն իդեալական վայր է կամավոր կենսաթոշակային խնայողություններ կատարելու համար, սակայն առանց գործընթացում իսկապես ներգրավված գործատուների արդյունքը չի կարող լինել գոհացուցիչ: Հենց այս պատճառով է, որ աշխարհում այսօր նկատվում է գործատուների մասնակցությամբ կամավոր կենսաթոշակային սխեմաների դերի աճ:

Կորպորատիվ կամավոր կենսաթոշակային սխեմաները վաղուց լայն տարածում ունեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ անգլախոս երկրներում՝ Կանադա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ: Նշված երկրներում ներկայումս զբաղվածների ավելի քան 40%-ն ընդգրկված է կորպորատիվ սխեմաներում: Բելգիան, Գերմանիան, Ճապոնիան և Նորվեգիան ևս մոտենում են այս սահմանագծին: Սպեկտորի հակառակ ծայրում են գտնվում Ֆինլանդիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Իտալիան և Իսպանիան, որտեղ զբաղվածների՝ կորպորատիվ սխեմաներին մասնակցության մակարդակը չի գերազանցում 10%-ը: ՏՀԶԿ համարյա բոլոր երկրներում այսօր աշխատող քաղաքացին վաղը կենսաթոշակի անցնելուն նախապատրաստվելու համար ստիպված է ինքնուրույն անել ավելին, նույիսկ եթե պետք է խնայի իր աշխատանքային գործունեության ողջ ընթացքում: Եթե երիտասարդ աշխատող քաղաքացին բաց է թողնում 10 կամ 15 տարի, որովհետև պետք է հոգա այլ կարիքներ, ապա բավարար կենսաթոշակ ապահովելն ավելի է դժվարանում:

Որո՞նք են Հայաստանում կորպորատիվ կենսաթոշակային խնայողություններ իրականացնելու տարբերակները

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործատուն իր վարձու աշխատողների համար լրացուցիչ՝ կորպորատիվ կենսաթոշակային սխեմա կարող է ձեռք բերել.

* կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ սահմանված կենսաթոշակային հատկացումներ սխեմայի տեսքով,

* ապահովագրական ընկերություններից՝ սահմանված կենսաթոշակների սխեմայի տեսքով:

Օրենքն արգելում է գործատուի կողմից կորպորատիվ կենսաթոշակներ առաջարկելիս խտրական մոտեցման դրսևորումը (օրինակ, կուտակային կենսաթոշակային սխեմա ձեռք բերել բացառապես ղեկավար կազմի համար), սակայն գործատուն կարող է այն առաջարկել ինչպես ողջ կոլեկտիվին, այնպես էլ աշխատողների որոշակի կատեգորիայի (ասենք, օրինակ, առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող մշտական աշխատողներին):

Կորպորատիվ կամ գործատուի կողմից առաջարկվող կամավոր կենսաթոշակային հատկացումները կարող են կատարվել միայն գործատուի կամ գործատուի և աշխատողի կողմից: Սակայն օրենքն արգելում է պարտադրել աշխատողին մասնակցել կամ շարունակել մասնակցությունը գործատուի ձեռք բերած կամավոր կենսաթոշակային սխեմային՝ որպես տվյալ գործատուի մոտ աշխատելու անհրաժեշտ պահանջ:

Միջազգային փորձը վկայում է, որ հաջողության հասնելու լավագույն ուղին հարկային համապատասխան խթանների ներդրումն ու արդյունավետ իրազեկման իրականացումն է՝ զուգակցված ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման հետ:

Որքա՞ն կարժենան կենսաթոշակային խնայողությունները գործատուի և աշխատողի համար

Գործատու

Կա արդարացված մտահոգություն, որ շատերն այս կամ այն պատճառով չեն կարողանում կամ նույնիսկ չեն մտածում կատարել բավարար խնայողություններ կենսաթոշակային համարժեք մակարդակ ապահովելու համար: Այդ իսկ պատճառով կորպորատիվ կամավոր սխեմաների ձեռքբերումը գործատուի կողմից կարող է հիմնարար դեր ունենալ որակյալ աշխատուժ ներգրավելու և աշխատուժը պահպանելու նպատակով՝ մի կողմից և ապագայում համարժեք կենսաթոշակային եկամուտ ապահովելու նպատակով՝ մյուս կողմից: Սակայն, նախքան կորպորատիվ կենսաթոշակային սխեմա ձեռք բերելը, գործատուի համար կարևոր է հասկանալ.

* Իր աշխատողներից ովքեր պետք է մասնակցեն այդ սխեմային` օրինակ, մշտական աշխատողները, տվյալ գործատուի մոտ առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող մշտական աշխատողները և այլն,

* Որոնք են այն պայմաններն ու առավելությունները, որի դեպքում աշխատողն ինքը ևս կցանկանա գործատուի հետ համատեղ հատկացումներ կատարել կամավոր կենսաթոշակային կորպորատիվ սխեմային,

* Որքան կարժենա կորպորատիվ սոցիալական պատասխանատվության այս դրսևորումը գործատուի համար՝ որն է գործատուի կողմից տրամադրվող հատկացումների այն դրույքաչափը, որի դեպքում և° սխեմայի մասնակից աշխատողը, և° գործատուն առավելագույնս կօգտվեն տրամադրվող հարկային արտոնություններից:

Այլ կերպ ասած, գործատուն, նախքան իր աշխատակիցների համար կամավոր կենսաթոշակային սխեմա ձեռք բերելը, պետք է կատարի որոշակի վերլուծական աշխատանք՝ հնարավոր տարբերակների առաջադրում, որոշակի հաշվարկներ և հնարավոր ծախսերի պլանավորում, այնուհետև իրազեկման աշխատանքներ իր աշխատակիցների համար:

Աշխատող

Շատ կարևոր է աշխատողներին ճիշտ բացատրել, թե որոնք են կորպարատիվ կենսաթոշակային սխեմային անդամակցելու առավելությունները:

Աշխատողի համար կորպորատիվ կամավոր կենսաթոշակային սխեմային անդամակցելը կենսաթոշակային խնայողություններ կատարելու հեշտ, առանց լուրջ ջանքեր գործադրելու ուղի է:

Անդամակցությունն այս սխեմային հնարավորություն է տալիս մարդուն սկսել խնայել ակտիվ աշխատանքային կյանքի ընթացքում և ավելի արագ մեծացնել կենսաթոշակային խնայողությունները, քանի որ թե գործատուն, թե կառավարությունը (հարկային արտոնությունների միջոցով) հատկացումներ են կատարում աշխատողի օգտին:

Ընդհանուր առմամբ, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կամավոր, այդ թվում նաև կորպոևատիվ կենսաթոշակային սխեման դարձրել է բավական հրապուրիչ և ճկուն: Օրենքը հնարավորություն է տալիս մասնակցին ցանկացած պահի դադարեցնել կամ կասեցնել կամավոր կուտակային վճարումներ կատարելը: Այս դրույթը ոչ միայն ճկունություն է հաղորդում կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին, այլ նաև մասնակցին ազատում է այն մտահոգությունից, թե ինչ կլինի, եթե նա կորցնի իր աշխատանքը և չունենա բավարար միջոցներ կամավոր կուտակային պարբերական վճարներ կատարելու համար:

Կամավոր կենսաթոշակային սխեմայի մասնակիցը, թեև կամավոր կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք է բերում կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո միայն, իրավունք ունի սխեմային անդամակցելուց առնվազն երկու տարի անց, ցանկացած պահի ներկայացնել իր կենսաթոշակային խնայողությունները միանվագ ետ ստանալու պահանջ: Մի փոքր այլ է իրավիճակը կորպորատիվ կենսաթոշակային սխեմայի պարագայում: Այս դեպքում մասնակիցն իր կենսաթոշակային ակտիվները միանվագ վաղաժամկետ ետ ստանալու իրավունքը ձեռք է բերում Կորպորատիվ կենսաթոշակային սխեմային անդամակցելուց առնվազն տասը տարի անց: Սակայն դա հնարավոր է անել ավելի շուտ, օրենքով նախատեսված հետևյալ դեպքերում.

* գործատուի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո.

* գործատուի և տվյալ կենսաթոշակային ֆոնդի (նրա կառավարչի) կամ ապահովագրական ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագիրը լուծվելուց հետո,

* գործատուի լուծարվելուց հետո:

Կամավոր կենսաթոշակային սխեմաների, մասնավորապես կորպորատիվ կամավոր կենսաթոշակային սխեմաների ձեռք բերման հիմնական նպատակը ապագայում համարժեք կենսաթոշակի ապահովումն է աշխատակցի համար: Այս նպատակին հասնելու և մասնակցության վաղաժամկետ դադարեցման ապախրախուսման նպատակով, միջազգայնորեն ընդունված պրակտիկայի համաձայն, ՀՀ օրենքը կենսաթոշակային ակտիվները միանվագ ետ պահանջելու դեպքում նախատեսում է/հնարավոր է համարում փայերի առավել մեծ մարման վճար, տուգանք և (կամ) ավելի ցածր տոկոսներ, բացառությամբ, եթե նման պահանջը ներկայացվել է հետևյալ դեպքերում.

* մասնակիցը օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ,

* մասնակիցը առողջական ծայրահեղ ծանր վիճակում է և հիվանդ է կենսական կարևոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որ հավաստվում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի եզրակացությամբ,

* Հայաստանի Հանրապետության քաղաքացին մշտական բնակության նպատակով մեկնել է օտարերկրյա պետություն, և դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,

* Հայաստանի Հանրապետությունում աշխատող օտարերկրյա քաղաքացին վերադառնում է իր մշտական բնակության երկիր,

* կամավոր կենսաթոշակային ֆոնդը դադարեցվել (լուծարվել) է, և մասնակիցը «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով չի ներկայացրել բաշխման ենթակա ակտիվների հաշվին այլ կամավոր կենսաթոշակային ֆոնդի փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերելու պահանջ,

* ապահովագրական ընկերությունը լուծարման գործընթացում է, կամ ապահովագրական ընկերությունը համապատասխան ապահովագրական պորտֆելը փոխանցել է այլ ապահովագրական ընկերության,

* մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին կամ ապահովագրական ընկերությանը առաջին կուտակային վճարի կատարման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է ավելի քան տասը տարի:

Հարկային արտոնություններ գործատուի և մասնակցի համար

Կորպորատիվ կենսաթոշակային սխեմայի մասնակցին կենսաթոշակային խնայողություններ կատարելու համար անմիջական ֆինանսական խթան տրամադրելու առումով կարևորվում է գործատուի «համաֆինանսավորումը»: Ուստի կարևոր է, թե գործատուն «համաֆինանսավորման» ինչպիսի կառուցվածք կընտրի՝ այնպիսին, որ թույլ կտա աշխատողին կենսաթոշակային իր հաշվին հատկացնել այնքան, որքան գործատուն, թե մի փոքր ավելի՝ կենսաթոշակի առավել բարձր մակարդակ ապահովելու նպատակով:

Թե գործատուի, թե աշխատողի՝ կորպորատիվ կամավոր կենսաթոշակային հատկացումների տոկոսադրույքի վերաբերյալ որոշում կայացնելու գործում որոշիչ է տրամադրվող հարկային արտոնության բնույթը:

Այսպիսով, կարելի է պնդել, որ կորպորատիվ կենսաթոշակի չափը պայմանավորված է.

* Աշխատողի կենսաթոշակային հատկացման դրույքաչափով,

* Գործատուի կողմից կատարվող «համաֆինանսավորման» չափով,

* Պետության «համաֆինանսավորման» մակարդակով, որն իրականացվում է հարկային արտոնության տեսքով:

Այսպիսով, կարելի է ասել, որ կառավարությունը ևս պետական բյուջեից կատարում է հատկացում կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի մասնակցի համար, այնպես ինչպես պարտադիր բաղադրիչի մասնակցի համար, միայն թե այս դեպքում պետության մասնակցությունը տրամադրվում է հարկային արտոնության տեսքով:

Կամավոր կուտակային կենսաթոշակային խնայողություններ անելու դեպքում գործատուները և ֆիզիկական անձինք կարող են օգտվել հարկային արտոնություններից: Ֆիզիկական անձանց դեպքում արտոնություն սահմանված է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով, իսկ գործատուների համար` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով:

Հարկային արտոնություն աշխատողի համար

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է հարկային արտոնություն կամավոր կենսաթոշակային խնայողությունը կատարող աշխատողի համար.

ՀՀ օրենսդրությամբ հարկվող եկամուտը նվազեցվում է սահմանված կարգով կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի շրջանակում հարկ վճարողի կողմից իր համար և (կամ) հարկ վճարողի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարված կուտակային վճարների գումարի մասով` հարկ վճարողի հարկվող եկամտի 5 տոկոսը չգերազանցող չափով:

Հարկային արտոնություն գործատուի համար

Գործատուի համար նախատեսված հարկային արտոնության չափն ամրագրված է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում՝ իր աշխատողի օգտին կամավոր կուտակային վճար կատարած գործատուն կարող է կատարել նվազեցում շահութահարկով հարկման ենթակա հարկման բազայից:

Համաձայն նշված օրենքի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով: Ծախսերի թվին է դասվում նաև գործատուի կողմից վարձու աշխատողի համար կատարված կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումները: Oրենքի համաձայն իր աշխատողի օգտին կամավոր կուտակային վճար կատարած գործատուն կարող է կատարել նվազեցում շահութահարկով հարկման ենթակա հարկման բազայից կատարված կուտակային վճարի չափով, գումարած յուրաքանչյուր վարձու աշխատողի համար գործատուի կատարած կամավոր կուտակային կենսաթոշակային վճարումների 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան տվյալ վարձու աշխատողի աշխատանքի վարձատրությանն ուղղվող վճարումների 2,5 տոկոսը: Այսպիսով, գործատուին տրամադրվում է հարկային արտոնություն կամ նվազեցում իր աշխատողի համար կատարած կամավոր կուտակային վճարի 150 տոկոսի չափով: Սակայն, նշված նվազեցման չափը չպետք է գերազանցի գործատուի կատարած`տվյալ վարձու աշխատողին վճարված աշխատավարձի 7,5 տոկոսը:

Հավելված 1-ը օրինակներ է պարունակում կորպորատիվ կամավոր կենսաթոշակային համակարգին կատարվող կուտակային կենսաթոշակային վճարների և կիրառվող հարկային արտոնությունների մասին:

Օրինակ 1-ում ընկերության համախառն եկամուտը 250000 դրամ է, իսկ աշխատողի համախառն աշխատավարձը` 150000 դրամ: Առաջին սյունակը քննարկում է այն դեպքը, երբ կամավոր կուտակային վճարներ չեն կատարվում կամավոր բաղադրիչ: Այս դեպքում աշխատողի տնօրինվող՝ «տուն տարվող» աշխատավարձը կազմում է 112920 դրամ, իսկ գործատուի զուտ շահույթը շահութահարկից հետո՝ 56000 դրամ: Եթե աշխատողը և գործատուն օգտվեն կորպորատիվ կամավոր կենսաթոշակային սխեմային միանալու հնարավորությունից և կատարեն հավասար՝ 2.5% հատկացումներ (ընդամենը 5%), ապա գործատուի զուտ շահույթը շահութահարկից հետո արդեն մի փոքր բարձր կլինի` շնորհիվ հարկի նվազեցման (1125 դրամով): Թեև աշխատողի տուն տարվող աշխատավարձը ցածր կլինի (111120 դրամ 112920 դրամի փոխարեն), սակայն աշխատողը կունենա նաև խնայողություններ, որոնք նրան կապահովեն ավելի բարձր եկամուտներ (114870 դրամ 112920 դրամի փոխարեն):

Օրինակ 2-ում տարբերությունն այն է, որ գործատուի՝ աշխատողի օգտին կատարած հատկացման դրույքաչափը կազմում է 3%, իսկ աշխատողի մասնակցությունը՝ 2%: Այս դեպքում գործատուի զուտ շահույթը շահութահարկից հետո արդեն մի փոքր ավելի բարձր կլինի` շնորհիվ հարկի նվազեցման (1350 դրամով): Աշխատողի տուն տարվող աշխատավարձը կրկին կլինի ցածր, սակայն մի փոքր ավելի քիչ (111870 դրամ օրինակ 1-ի 111120 դրամի և չկուտակելու դեպքում՝ 112920 դրամի փոխարեն), սակայն աշխատողի խնայողությունները նրա եկամուտը կդարձնեն 116370 դրամ օրինակ 1-ի 114870 դրամի և չխնայելու դեպքում՝ 112920 դրամի փոխարեն:

  • աշխատողին և գործատուին տրամադրվող հարկային արտոնության արդյունքում բյուջեի մուտքերը (150000 դրամ ստացող մեկ աշխատողի հաշվով) նվազում են 6%-ով, սակայն արդյունքում աշխատողը.

ա) վճարելով իր աշխատավարձի միայն 2.5%-ը, իր անհատական կենսաթոշակային հաշվին կուտակում է 5%,

բ) թեև կորպորատիվ կենսաթոշակային սխեմային մասնակցության արդյունքում աշխատողի «տուն տարվող» աշխատավարձը նվազում է 1.6%-ով, սակայն կամուտը՝ «տուն տարվող» աշխատավարձ գումարած անհատական հաշվին կուտակում, ավելանում է 1.7%-ով,

  • գործատուի զուտ շահույթը ավելանում է 2%-ով:

Այսպիսով, կոնկրետ գործատուի համար կենսաթոշակային օպտիմալ սխեմայի ընտրությանը պետք է նախորդի խոր վերլուծական աշխատանք: Կարևոր է ինչպես բազմաթիվ գործոնների ազդեցության քննարկումը (ինչպիսիք են գործատուի մասնակցության դրույքաչափը, աշխատողների կատեգորիաների սահմանումը, հնարավոր ծախսերի և ռիսկերի գնահատումը և այլն), այնպես էլ աշխատակիցների իրազեկումը, կազմակերպչական համապատասխան քայլերի իրականացումը, ինչի արդյունքում ընտրված կենսաթոշակային սխեման լավագույնս կհամապատասխանի թե գործատուի և թե աշխատողի շահերին:

http://paradigma.am/files/Articles/EmployerVoluntarySchemes_arm.pdf


1. OECD Observer; Policy Brief: Closing the Pensions Gap: The Role of Private Pensions; 2007, էջ 1

2. Սահմանված կենսաթոշակային հատկացումներ սխեման սահմանում է միայն կենսաթոշակային հատկացումների չափը և չի խոստանում կենսաթոշակի սահմանված մակարդակ: Վերջինիս չափը պայմանավորված է կենսաթոշակային հատկացումների դրույքաչափով, հատկացումների խտությամբ (ինչ հաճախականությամբ և որքան երկար են կատարվել այդ հատկացումները) և կենսաթոշակային ակտիվների ներդրումային քաղաքականությամբ:

3. Սահմանված կենսաթոշակների սխեման կենսաթոշակային որոշակի պարբերական հատկացումների դիմաց խոստանում է որոշակի սահմանված մակարդակի կենսաթոշակ:

4. “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենք, hոդված 6, մաս 1, կետ 3 (ուժի մեջ է մտել 2013թ. հունվարի 1-ից):

5. “Շահութահարկի մասին” ՀՀ օրենք, hոդված 10, 2-րդ մաս, կետ (իա):

6. “Շահութահարկի մասին” ՀՀ օրենք, hոդված 16, մաս 1, կետ գ1) և հոդված 38.1:

Մեկնաբանել