«Հյուսիս-Հարավը»՝ տրանշի մեջ

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքին հատկացված միջոցները չօգտագործելու համար վերջին երկու տարում կառավարությունն արդեն $300 հազ-ի պարտավճարներ է կատարել։ Գործադիրը տույժերից փորձում է խուսափել այս տարի ու առաջարկում վերանայել ԱԶԲ-ի հետ կնքված վարկային պայմանագիրը։ Շինաշխատանքներում Վերահսկիչ պալատի հայտնաբերած բացթողումները է՛լ ավելի են բարդացնում իրավիճակը։

Հունիսի 6-ի կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Վերահսկիչ պալատի կողմից «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրում հայտնաբերված խնդիրներին (տե՛ս «Քարքարոտ Հյուսիս-Հարավը», «Օրակարգ», #77 (317), հունիսի 6)։ Վարչապետն այս հարցում հրատապ շտկումներ մտցնելու անհրաժեշտություն է տեսել։ «Ինձ ֆինանսների նախարարը զեկուցել է, որ ունենք նաև ֆինանսական պարտավորություններ, որոնք առաջանում են բացահայտված այդ խնդիրների առնչությամբ։ Հանձնարարական է տրվում էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի, ֆինանսների և արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ բանակցություն սկսել Ասիական զարգացման բանկի հետ, փոփոխություններ կատարել պայմանագրերում, որ մենք ունենք այդ բանկի հետ, որպեսզի բացահայտված թերությունների պատճառով տույժ-տուգանքներ չկիրառվեն, քանի որ ըստ այն զեկուցագրի, որ դուք ինձ ներկայացրել եք, ձգձգումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ բազմաթիվ մեթոդաբանական փոփոխություններ են իրականացվել նախնական պայմանագրում»,– ասել է վարչապետը՝ հավելելով, թե տեխնիկական հսկողի ու ծրագրի օպերատորի հայեցակարգը մի քանի անգամ փոխվել է Ասիական բանկի նախաձեռնությամբ, և այսօր բացահայտված խնդիրներն առնչվում են հենց ծրագրի կառավարմանը, որն իրականացվում է գերմանական, ֆրանսիական և իսպանական ընկերությունների կողմից։

«Այն դժգոհությունը, որ դուք ունեք այդ կառույցների նկատմամբ, անհապաղ պետք է տեղյակ դարձնեք Ասիական բանկին և անհապաղ սկսեք բանակցություն, որպեսզի մենք տույժ-տուգանք չվճարենք»,– ասել է վարչապետը։ Տիգրան Սարգսյանը էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է բանակցային գործընթաց սկսել՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում անձամբ միջամտել խնդրին։

Տպավորություն է ստեղծվում, որ վարչապետն ամբողջությամբ չի տիրապետում իրավիճակին։

Իրականությունն այն է, որ կառավարության և ԱԶԲ-ի միջև կնքված «Տրանշ-2»-ի պայմանագրով սահմանվում է, որ վարկային միջոցների մնացորդային գումարի վրա հաշվարկվում է պարտավճար՝ 0,15%-ի չափով։

Հայաստանը ԱԶԲ-ից «Տրանշ-1» և «Տրանշ-2» ծրագրերով 2009-2010 թթ. ընդհանուր առմամբ $230 մլն-ի վարկային միջոցներ է ստացել, որից ընդամենը $60 մլն-ն է արտոնյալ պայմաններով։ Վարկային միջոցներից ծախսվել է մոտ $30 մլն-ը, մնացած գումարները շարունակում են մնալ ԱԶԲ հաշիվներում։ ԱԶԲ-ն «Տրանշ-2» ծրագրով 2010թ. դեկտեմբերին հաստատեց $170 մլն-ի տրամադրումը (վարկային համաձայնագիրը ստորագրվեց 2011թ. հունիսին)։ Ու քանի որ գումարները շարունակում են մնալ ԱԶԲ հաշիվներում, դրանց վրա հաշվարկվում է 0,15% պարտավճար։

Խոսելով «տույժ-տուգանքների» մասին՝ վարչապետն ամենայն հավանականությամբ հենց այս հանգամանքն է նկատի ունեցել։ Անհասկանալի է միայն, թե ինչու այդ գումարների մասին կառավարությունը միայն հիմա է հիշում։

«Տրանշ-2»-ով հատկացված միջոցների համար կառավարությունն անցած երկու տարիներին արդեն վճարել է ընդհանուր առմամբ $300 հազ-ի տույժ, որից $254 հազ-ը՝ միայն 2012թ.։ Ակնհայտ է, որ կառավարությունն այս տարի ևս պետք է կատարի պարտավճարներ, սակայն ոչ թե այն պատճառով, որ Վերահսկիչ պալատը աշխատանքներում խախտումներ է արձանագրել (ինչպես զեկուցել են վարչապետին) ու դրանց վերացման համար մեկ ամիս ժամկետ տրվել, այլ այն պատճառով, որ նախագծի մեկնարկը ձգձգվել է նախորդ տարիներին։

Չնայած Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ), Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածների վերականգնման և Աշտարակ-Թալին ճանապարհատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) շինարարության մրցույթը հայտարարվել էր դեռ 2011թ. օգոստոսին, իսպանական Corsan Corviam Construccion S.A. ընկերությունը հաղթող ճանաչվեց միայն անցած տարվա ապրիլին, աշխատանքները մեկնարկեցին սեպտեմբերին։

Անհասկանալի է միայն, թե ինչու է կառավարությունը նախընտրում վարկային պայմանագրում փոփոխությունների շուրջ բանակցություններ սկսել ԱԶԲ-ի հետ՝ կապալառու Corsan Corviam Construccion S.A.-ին և վերահսկողություն իրականացնող ֆրանսիական Safege և իսպանական Eptisa ընկերությունների համատեղ կազմակերպությանը պատասխանատվության ենթարկելու փոխարեն։ Ի վերջո՝ շինաշխատանքներում նրանք են թերացել։

Մեկնաբանել