Գազն ու էլեկտրաէներգիան թանկացան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7-ի նիստում հաստատեց գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագները. դրանք ուժի մեջ են մտնելու հուլիսի 7-ից։ Փոփոխությունից դժգոհ են բոլորը՝ թե՛ սպառողները, թե՛ արտադրողները, թե՛ մատակարարները։ Սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները պնդում են, որ սակագների բարձրացման հիմքում դրված հաշվարկները պարզ չեն, տնտեսավարողները զգուշանում են բնականոն գործունեության խաթարումից։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սակագների բարձրացումից դժգոհեց Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը՝ նույնիսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետներն են արձանագրում են, որ ներկայիս սակագներով հնարավոր չէ ապահովել ատոմակայանի անվտանգությունը։ Նրա խոսքով՝ ատոմակայանի անվտանգության հարցերը լուծվում են դոնորների հաշվին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի։ «Ատոմակայանի բոլոր սարքավորումները, վառելիքը ձեռք են բերվում արտասահմանից արտարժույթով, բայց սակագինը հաշվարկելիս փոխարժեքային գործոնը հաշվի չի առնվել»,- նշեց Մարկոսյանը՝ հավելելով, որ աշխարհում չկա ոչ մի ատոմակայան, որ նման ցածր սակագնով էլեկտրաէներգիա վաճառի։

Մեծամորի ատոմակայանը այս տարի ներքին շուկա կառաքի 2,35 մլրդ կՎտ/ժ էլէկտրաէներգիա. հուլիսի 7-ից 1 կՎտ/ժ-ի սակագինը երկդրույք համակարգում կկազմի Դ5, հզորության ամսական վճարը՝ Դ3,6 հազ.։ Ներկայումս ՀԱԷԿ-ի 1 կՎտ/ժ-ի սակագինը Դ4,82 է, հզորության ամսական վճարը՝ Դ3 հազ.։

Սակագնից դժգոհեց նաև մեկ այլ արտադրող կայանի՝ «Երևան ՋԷԿ»-ի գլխավոր տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը՝ նշելով, որ հաշվարկներում հանձնաժողովը չի ներառել կայանի ներդրումային ծախսերը, ամբողջովին չեն ընդունվել սպասարկման համար ներկայացված ծախսերը։ Մինչև տարեվերջ «Երևան ՋԷԿ»-ը ներքին շուկա կառաքի 829 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ Դ20/կՎտժ միադրույք սակագնով։

Ի դեպ, սակագների բարձրացման հարցում միակ գոհ կողմը կարծես «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրն» էր։ Ընթացիկ տարում այն ներքին շուկա է առաքելու 1 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Երկդրույք համակարգում 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը ներկայիս Դ4-ից բարձրանալու է մինչև Դ6,8, հզորության ամսական վճարը՝ ներկայիս Դ189,19-ից մինչև Դ261։ Որոտանի հէկերի սակագնի հիմքում դրված է շահութաբերության Դ2,1 մլրդ ցուցանիշը։

ՍիվիլՆեթի հարցին, թե ինչով է պայմանավորված Որոտանի համալիրի համար նման շահութաբերության հիմք ընդունումը, այն դեպքում, երբ օրինակ Մեծամորի ատոմակայանի սակագնի հաշվարկներում համապատասխան ցուցանիշը ընդամենը Դ100 մլն է, ՀԾԿՀ-ի Սակագնային քաղաքականության վարչություն պետ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ պետական՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերություններում վերականգնվել է շահույթ մաշվածությունը, այսինքն՝ հիմնական միջոցների նկատմամբ կիրառվել է 10% տոկոսադրույքը։ Բացի այդ՝ հաշվի է առնվել աշխատավարձերի բարձրացման գործոնը։ «Ինչ վերաբերվում է ատոմակայանին, ապա նրանում շահույթ մաշվածությունը սակագնում չի դրվում։ Անհրաժեշտ բոլոր այն ծախսերը, որոնք իրականցվում են ոչ դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ, ներառված են սակագնում՝ ուղղակի ծախսի հոդվածի տեսքով»,- պարզաբանեց Բաղրամյանը։

Արտադրող կայանների էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքում հուլիսի 7-ից «Հայաստանի էլեկտրական ցանցերը» 1 կՎտ/ժ-ը ձեռք են բերելու Դ16,375-ով և ներքին շուկայում վաճառելու Դ28,161 միջին սակագնով։ Ընկերության մարժան 1 կՎտ/ժ-ում փաստացի կազմելու է Դ11,8, այն դեպքում, երբ 2009թ. ՀԾԿՀ-ն մարժա էր ընդունել Դ10,134-ը։ Թեև վերադիրի ավելացմանը, ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն ասաց, որ այն բավարար չէ ներդրումների իրականացման և ցանցերի նորոգման համար՝ հաշվի առնելով մաշվածության աստիճանը։ Ընկերությունն այս պայմաններում ստիպված է լինելու վարկային միջոցներ ներգրավել։ Ըստ Բիբինի՝ անցած տարին ընկերությունը վնասով է փակել՝ պայմանավորված արտադրող կայանների թանկ էլեկտրաէներգիայի ձեռքբերումով։

«ՀայՌուսգազարդի» վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նույնպես գոհ չէր գազի նոր սակագնից։ Ըստ նրա՝ հանձնաժողովը հաշվի չի առել մի շարք ծախսեր, մյուսներն էլ կրճատել է։ Հարությունյանի խոսքով՝ եթե հաշվի առնենք դրամ/դոլար փոխարժեքի գործոնը, ապա բնակչության համար գազը թանկացել է ոչ թե 18%-ով, այլ ընդամենը 9%-ով։

«ՀայՌուսգազարդը» ևս 2012-ը վնասով է փակել, ընդ որում ավելի մեծ՝ քան 2011-ին։ Այդուհանդերձ, սակագինը հաշվարկելիս հանձնաժողովն այդ վնասները հաշվի չի առել, ընդունել է միայն շահութաբերության 10% ցուցանիշը։ «Նման շահութաբերությունը մեծ չէ, եթե հաշվի առնենք, որ վերջին տասը տարում ընկերությունը կատարել է $1 մլրդ-ի ներդրումներ, իսկ Հայաստանը համարվում է ներդրումների համար ռիսկային երկիր»,- նշեց «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրենը։ Արձագանքելով Հարությունյանին՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ասաց, որ հանձնաժողովը ընդունել է բոլոր այն ծախսերը, որոնք «ՀայՌուսգազարդը» կարողացել է «լավ հիմնավորել»։

Հուլիսի 7-ից բնակչության համար գազի սակագինը կբարձրանա 18%-ով՝ մինչև Դ156/1 խմ, խոշոր գազասպառողների համար՝ 14%-ով՝ մինչև $276,98/1000 խմ։ Էլեկտրաէներգիան 1 կՎտ/ժ-ի հաշվով կթանկանա Դ8-ով կամ 27%-ով. ցերեկային սակագինը կկազմի Դ38/1 կՎտժ, գիշերայինը՝ Դ28/1 կՎտժ։

Մեկնաբանել