Շվեյցարացիները կողմ են փախստականների մասին օրենքի խստացմանը

Շվեյցարիայի բնակիչները հունիսի 9-ին անցկացված հանրաքվեին ձայների մեծամասնությամբ աջակցել են փախստականների ընդունման մասին՝ դեռ անցյալ տարվա սեպտեմբերին ընդունված օրենքին, հաղորդում է Euronews-ը։ Հանրաքվեի մասնակիցների մոտ 79%-ը կողմ է քվեարկել նրա խստացմանը, ինչը և առաջարկում էին դաշնային օրենքում մտցված փոփոխությունները։

«Այսօր շատ կարևոր քայլ է արվել։ Շատ շուտով մենք կկարողանանք ներկայացնել փախստականների ընդունման մեր քաղաքականության նոր կառուցվածքը»,- հայտարարել է երկրի արդարադատության նախարար Սիմոնետա Զոմարուգան։

Մասնավորապես, համաձայն փոփոխությունների, որպես փախստական այլևս չեն դիտարկվի դասալիքներն ու բարոյական, կրոնական կամ այլ համոզմունքներից ելնելով զինվորական ծառայությունից հրաժարվածները։ Բացի այդ՝ այժմ Շվեյցարիայում փախստականի կարգավիճակ ստանալ ցանկացողները չեն կարողանա համապատասխան դիմումները ներկայացնել այլ երկրներում շվեյցարական դեսպանատների միջոցով։

Հանրաքվեն անցկացվել է իրավապաշտպան կազմակերպությունների և ձախ կուսակցությունների նախաձեռնությամբ, որոնք վստահեցնում են, որ նոր օրենքը բարդացնում է փախստականների կյանքը և հասարակությունում այլատյացության մթնոլորտ է ստեղծում։ Նրանց հաջողվել էր հավաքել բավարար քանակությամբ ստորագրություն՝ հունիսի 9-ի քվեարկությունն անցկացնելու համար։

Ինչպես նշում է BBC-ն, Շվեյցարիայում փախստականի կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումները հասել են վերջին տասը տարվա մեջ ամենաբարձր մակարդակին։

Համաձայն AFP-ի տվյալների՝ ներկայում ապաստան ստանալու համար հերթի մեջ է մոտ 48 հազ․ մարդ, նրանցից ավելի քան 28 հազ-ը, ինչը ռեկորդային թիվ է 1999-ից ի վեր, դիմում է ներկայացրել 2012թ․։ Դրական պատասխան է ստանում դիմումների 12%-ից պակասը։

Հունիսի 9-ին անցկացված մեկ այլ հանրաքվե ցույց է տվել, որ շվեյցարացիները չեն ցանկանում փոխել ընտրությունների կայունացած համակարգը։ Սա պարտություն է դարձել իշխող կուսակցության համար, որն առաջարկում էր իշխանության դաշնային մարմինների ընտրման ավելի մեծ թափանցիկություն։ Սակայն վերլուծաբանների կարծիքով՝ սա հենց այն դեպքն է, երբ շվեյցարացիների մեջ հաղթում է պահպանողականությունն ու իրենց առօրյա կյանքի վրա ուղղակի ազդեցություն չգործող երևույթները չփոխելու ցանկությունը։

Մեկնաբանել