Կճոյանը հերքում է օֆշորային գործարքին իր մասնակցությունը

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը հերքում է մամուլում տարածված և վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձած տեղեկությունները՝ ադամանդագործական բիզնեսի հետ իր ունեցած առնչության վերաբերյալ: Tert.am-ի փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմը։

«Այսպես կոչված «օֆշորային սկանդալի» հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն. գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին:
Իր անվան շուրջ պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունների փաստի առիթով իրավապահ մարմիններին չդիմելու զարմանքի առնչությամբ Սրբազանը հայտարարում է, որ այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգևորականի մասին իր ունեցած պատկերացումներին:
Տարածվող տեղեկությունները, թե, իբր, Նավասարդ արք. Կճոյանը ներկա է եղել անդամանդագործության զարգացմանն առնչվող պետական հանձնաժողովներից մեկի նիստին, չեն համապատասխանում իրականությանը:

Սրբազանը դատապարտում է Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու խաչքավորներից մեկի՝ Աշոտ Սուքիասյանի հետ իր շփման շահարկումը՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող սեփական ենթադրություններն ու դատողությունները փաստարկելու նպատակով: Սրբազանը բարձր է գնահատում ժողովրդավարական հասարակության արժեքները, սակայն խոսքի ազատության չարաշահումը համարում է վտանգավոր և վնասակար, առաջին հերթին, հենց այդ արժեքների ջատագովների համար: Ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ»,- նշված է հայտարարությունում:

ՍիվիլՆեթի հետ զրույցում նախկին զինդատախազ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը արտահայտել էր իր զարմանքը, թե ինչու Կճոյանը չի դիմում իրավապահ մարմիններին՝ իրեն վերագրվող մեղադրանքների առնչությամբ:

Մայիսի 29-ին Hetq.am էլեկտրոնային կայքը հետաքննական հոդված էր հրապարակել, ըստ որի՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Կիպրոսում օֆշորային գոտում գրանցված ընկերություններից մեկի բաժնետեր է, և նրա գործընկերներն են վարչապետ Տիգրան Սարգսյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը: Ըստ նույն հրապարակման՝ այս երեքը մասնակցություն են ունեցել գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման գործին:

Լուսանկարը՝ PanArmenian-ի

Մեկնաբանել