«Օֆշորային եռյակի» անդամ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Լուսանկարը` Աշոտ Սուքիասյանի ֆեյսբուքյան էջի

Ոստիկանությունը հունիսի 17-ին որոշում է կայացրել գործարար Աշոտ Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավել գործարար Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա 2012թ. հարուցված քրեական գործի շրջանակում: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Սուքիասյանի գտնվելու վայրը քանի որ անհայտ է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,- ասաց Ահարոնյանը:

Ըստ Փայլակ Հայրապետյանի դիմումի` «Ձորագյուղ» ԱԿ-ի տնօրեն Աշոտ Սուքիասյանը Հայրապետյանի գույքը բանկերում գրավադնելու խարդախությամբ իրավունք ձեռք բերելու դիտավորությամբ և գրավի դիմաց համատեղ առևտրային գործունեություն իրականացնելու, 10 000 աշխատատեղ հիմնելու ու մի շարք այլ պատրվակներով, չարաշահելով Փայլակ Հայրապետյանի վստահությունը, համապատասխան լիազորագրերով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից խաբեությամբ ձեռք է բերել $10,7 մլն-ի վարկ, սակայն չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես ծրագրով նախատեսված պարտավորությունը, այլ նշված գումարը փոխանցել է արտերկրում գործող իր և իր ծանոթների բանկային տարբեր հաշիվներին:

Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը):

Հատկանշական է, որ Աշոտ Սուքիասյանի անունը մամուլում կրկին սկսեց շրջանառվել վերջերս, երբ Hetq.am էլեկտրոնային կայքը մայիսի 29-ին հետաքննական հոդված հրապարակեց` «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը», ըստ որի՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Կիպրոսում օֆշորային գոտում գրանցված ընկերություններից մեկի բաժնետեր է, և նրա գործընկերներն են վարչապետ Տիգրան Սարգսյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը: Ըստ նույն հրապարակման՝ նրանք մասնակցություն են ունեցել գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման գործին:

Մեկնաբանել