Բրազիլիայի նախագահը հանրաքվե է առաջարկել

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը քաղաքական համակարգի փոփոխության նպատակով առաջարկել է հանրաքվե անցկացնել` ի պատասխան երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաներին, հաղորդում է BBC-ն:

Ռուսեֆը խոստացել է նաև 50 մլրդ ռեալ ($25 մլրդ) ներդնել հասարակական տրանսպորտի ոլորտում, որի սակագների բարձրացումը ցուցարարների հիմնական դժգոհության պատճառներից է:

Ավելի քան 1 մլն բրազիլացիներ բողոքում են՝ ընդդեմ իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականության, կոռուպցիայի գերակայության և հանցավորության տարածման։ Բրազիլացիները վրդովված են, որ կառավարությունը միլիոններ է ծախսում սպորտային միջազգային խոշոր միջոցառումների անցկացման համար՝ այդ միջոցները կրթությանն ու առողջապահությանն ուղղելու փոխարեն։ Հաջորդ տարի Բրազիլիայում պետք է անցկացվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իսկ 2016-ին՝ ամառային օլիմպիական խաղերը։ Ներկայում Բրազիլիայում անցկացվում է Կոնֆեդերացիաների գավաթը։

Երկուշաբթի` հունիսի 24-ին, Բրազիլիայի նախագահը հանդիպում է ունեցել երկրի 26 նահանգների նահանգապետերի և խոշոր քաղաքների քաղաքապետերի հետ:

Նախապես Դիլմա Ռուսեֆը հանդիպում էր ունեցել ցույցերի առաջնորդների հետ` նրանց պահանջները քննարկելու նպատակով:

Այդուհանդերձ, երկուշաբթի երեկոյան ցույցերը շարունակվել են մի շարք քաղաքներում, քանի որ ինչպես նշել է ցուցարարների առաջնորդներից մեկը, նախագահը որևէ կոնկրետ բան չի առաջարկել:

Մեկնաբանել