ԱՄՆ ամենահարուստ կանանցից մեկը՝ երկրի առևտրի նախարար

Հունիսի 25-ին ԱՄՆ Սենատը հաստատել է երկրի ամենահարուստ կանանցից մեկի՝ Փեննի Պրիտցկերի թեկնածությունը ԱՄՆ առևտրի նախարարի պաշտոնում, հաղորդում է Reuters-ը: Փեննի Պրիտցկերի թեկնածության համար քվեարկել է Սենատի 97 անդամ, դեմ է արտահայտվել միայն մեկը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհակալություն է հայտնել Պրիտցկերի թեկնածությանը հավանություն տալու համար՝ նրան անվանելով «ստուգված ղեկավար, հաջողակ գործարար և ժամանակակից բիզնեսում ամենահարգված կանանցից մեկը»: Օբամայի խոսքով՝ Պրիտցկերը լինելու է նախագահի վարչակազմի տնտեսական թիմի առանցքային անդամը: Օբաման և Պրիտցկերը համագործակցում են երկար տարիներ: Գործարարը, մասնավորապես, նախագահի երկու քարոզարշավների ժամանակ ղեկավարել է միջոցների հավաքագրումը:

ԱՄՆ առևտրի նախարարի պաշտոնը վերջին մեկ տարում թափուր էր: Նախորդ նախարար Ջոն Բրայսոնը հրաժարական էր տվել 2012թ. հունիսին՝ իր պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո:

54-ամյա Փեննի Պրիտցկերը Hyatt հյուրանոցային ցանցի հիմնադիրներից մեկի դուստրն է, ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Forbes-ի տվյալներով՝ նրա կարողությունը կազմում է մոտ 1,85 մլրդ դոլար: Ըստ նույն հանդեսի՝ ամենահարուստ ամերիկացիների ընդհանուր վարկանիշում նա զբաղեցնում է 277-րդ տեղը:

Պրիտցկեր ընտանիքի ջանքերով 1979թ. հիմնվել ճարտարապետության ոլորտում շնորհվող հեղինակավոր մրցանակ, որը հիմնադիրների անունով կոչվում է Պրիտցկերյան: Մրցանակը համարվում է Նոբելյանի համարժեքը ճարտարապետության ոլորտում:

Մեկնաբանել