Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու նպատակ երբևէ չի դրել. Շավարշ Քոչարյան

Լուսանկարը` PanArmenian-ի

Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու նպատակ երբևէ չի դրել. հունիսի 27-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի` հունիսի 26-ի արած հայտարարությանը, թե ինտեգրացիոն գործընթաներում Հայաստանը չի կարող որդեգրել «և-և» (և´Եվրոպական միություն, և´ Եվրասիական միություն) հայեցակարգը, քանի որ ընդունելի է միայն «կամ-կամ» տարբերակը:

«Բանակցվող փաստաթղթերում խոսք չկա ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին, խոսքը միայն դաշնակցության մասին է»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ բանակցություններն ընթանում են երկու ուղղություններով` թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ համագործակցության:

«Քանի դեռ դրված չէ կառույցներին անդամակցությանը խնդիրը, որևէ հակասություն չկա` միաժանակ լինել և՛ ԵՄ ազատ առևտրի գոտու անդամ, և՛ նույնն իրականացնել Եվրասիական միության հետ»,- ասաց փոխարտգործնախարարը:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վարշավայում նախագահ Սերժ Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե Հայաստանում ինչպես են վերաբերվում ինտեգրացիոն գործընթացներին, ասել էր. «Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում»:

Մեկնաբանել