Ոստիկանությունը քննում է Նարեկ Սարգսյանի կողմից պաշտոնի հնարավոր չարաշահումների հարցը. Թրանսփարենսի

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի (ԹԻՀԿ) կողմից Գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր` Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահայտելու նպատակով, հաղորդում են կենտրոնի մամուլի ծառայությունից:

«Թրանսփարենսի ինթերնեշնլը» հիշեցնում է, որ Նարեկ Սարգսյանը` որպես Երևանի գլխավոր ճարտարապետ, պաշտոնավարել է 1999-2004 թթ. և 2011-ից մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը: Սարգսյանի օրոք և նրա անմիջական մասնակցությամբ սկիզբ է դրվել Երևանի կենտրոնի խոշորածավալ կառուցապատմանը, որի շինարարական-նախագծային աշխատանքներում ներգրավված է նրան պատկանող ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊ ընկերությունը: Մասնավորապես, նշված ըներությունն է նախագծել նաև Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերակցության (ԱՕԿՍ) շենքի և դրան հարակից տարածքում կառուցվելիք հյուրանոցային համալիրը, ինչը նշանակում է, որ քանդման վտանգի տակ են հիշյալ շենքը և դրան հարակից տարածքը, որոնք կառավարության որոշմամբ համարվում են հանրապետական նշանակության հուշարձաններ:

Հակակոռուպցիոն կենտրոնը հարկ է համարում նկատել, որ Գլխավոր դատախազությունը դեռևս 2005թ. հայտնաբերել է Երևան քաղաքում հուշարձանների ոչնչացման փաստերը, սակայն մինչ օրս որևէ մեկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության չի ենթարկել, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու համար:

«2008-2011 թթ. Սարգսյանը, աշխատելով որպես գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարարի տեղակալ, համատեղել է իր պաշտոնն ու բիզնեսը և ներգրավվել արդեն իսկ կառուցված կամ կառուցապատման ընթացքում գտնվող մի քանի շենքերի նախագծային աշխատանքներում: Նույն գործելաոճը շարունակել է 2011-ից ի վեր՝ կրկին աշխատելով որպես Երևանի գլխավոր ճարտարապետ:

Երևանի գլխավոր ճարտարապետը հանդիսանում է հանրային ծառայող: Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի՝ «Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»:

Վերոնշված փաստերի պարագայում ողջամիտ կասկածներ են ծագել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից հովանավորչության դրսևորման և պաշտոնի հնարավոր չարաշահումների վերաբերյալ»,- ասված է «Թրանսփարենսի ինթերնեշնլի» տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել