Քաղաքացիական հասարակությունը չի զգում իր լեգիտիմությունը. ՄԻԺԻ-ի հիմնադիր

Հայաստանում քաղաքացիական հասարակությունը չի զգում իր լեգիտիմությունը. հունիսի 28-ին ՍիվիլՆեթի տաղավարում նման տեսակետ հայտնեց «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի» (ՄԻԺԻ) հիմնադիր Արմինե Առաքելյանը:

«Եթե դու գործոն չես, չես զգում քո լեգիտիմությունը, ապա ազդեցիկ չես կարող լինել, ինչն էլ կխոչընդոտի պետության կառուցումը»,- ասաց Առաքելյանը` նշելով, որ հայ ազգ կամ ժողովուրդ կոչվածը դեռևս չի վերածվել քաղաքացիական հասարակության:

Ըստ Առաքելյանի` կա պետական համակարգ, որում աշխատողները կրում են պարտավորություններ և կան իրավունքներ կրողներ, այն է` ամբողջ ժողովուրդը:

«Այն ախտը, արատը, որ տեսնում ենք պարտավորություն կատարողների մեջ, կա նաև հասարակության մեջ, և դա գալիս է քաղաքացիական գիտակցության պակասից»,- ասաց ՄԻԺԻ-ի հիմնադիրը` դրա հիմնական խնդիր համարելով այն, որ հանրությունը չի հասկանում, որ պատկանում է պետություն կոչվող հանրային ոլորտին:

Ըստ Առաքելյանի` այդ «բացը և այլանդակությունը» կարող է շտկվել, եթե քաղաքացիական հասարակությունը սկսի ճիշտ ձևով աշխատել:

Հարցին, թե արդյոք Վահե Ավետյանի սպանությունն ու նմանատիպ հանցագործություններն անպատժելիության մթնոլորտի հետևանք են, ՄԻԺԻ-ի հիմնադիրը պատասխանեց, որ անպատժելիությունը հիմնական պատճառներից մեկն է, քանի որ Հայաստանը թույլ և նոր կառուցվող պետություն է:

«Իսկ անպատժելիության հիմնական պատճառներն են թե´ մարդու իրավունքների, թե´ իրավունքի գերակայության և թե´ ժողովրդավարական կառավարման համակարգի բացը»,- ասաց Առաքելյանը:

Նրա խոսքով` 20 տարին քիչ ժամանակ չէ` հատկապես Հայաստանի համար, որը ՄԱԿ-ի և Եվրամիության նորմատիվ ամբողջ ստանդարտներն ընդունած երկիր է: Ըստ նրա` Հայաստանը, եթե նորմատիվ իմաստով առաջադեմ երկիր է, ապա գործնականում հեռու է այդ նորմատիվներից:

ՄԻԺԻ-ի հիմնադիրը կարծում է, որ կա արժեհամակարգի և մեխանիզմների խնդիր: Նրա խոսքով` վերջին տարիներին միջազգային ոլորտը բավական մեծ գումարներ է տրամադրում համապատասխան մեխանիզմների մշակման համար:

«Մենք ձևն ու հագուստը հագել ենք, բայց չենք կրում այդ արժեհամակարգը և չենք կարողանում իրացնել դա»,- ասաց նա:

Մեկնաբանել