Նախագահական ընտրություններում Սաակաշվիլիի կուսակցության ամենահավանական թեկնածուն Դավիթ Բաքրաձեն է

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած կուսակցության՝ «Ազգային միասնական շարժումի» առաջին փրայմերիզների արդյունքները վկայում են, որ առաջիկա նախագահական ընտրություններում կուսակացության թեկնածուն մեծ հավանականությամբ կլինի կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: Նրա ծրագրին հավանություն է տվել կուսակցության Իմերեթի և Ռաչա Լեչխումի շրջանների 370 պատվիրակ:

Բացի Բաքրաձեից իրենց ծրագրերը ներկայացրել էին կուսակցության ևս երեք պատգամավոր՝ Գիորգի Բարամիձեն, Շոթա Մալաշխիան և Զուրաբ Դափարիձեն: Բոլոր չորս թեկնածուները պատասխանել են փրայմերիզին ներկա պատվիրակների հարցերին:

Կուսակցությունը թեկնածուի հարցում վերջնական որոշումը պետք է ընդունի մինչևր հուլիսի 30-ը: Մինչ այդ երկրում տեղի կունենան ևս հինգ փրայմերիզներ, որոնցից վերջինը՝ Թբիլիսիում:

Մեկնաբանել