Միտումնավորությունն ակնառու է. Նարեկ Սարգսյանը` «Թրանսփարենսիի» հայտարարության մասին

Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի»` դատախազություն ներկայացրած դիմումին և ապա` լրատվամիջոցներում տարածած հայտարարությանը: Ըստ Սարգսյանի՝ այդ հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը:

Նրա տարածած հայտարարության համաձայն` հիմնավորումները հետևյալն են.

1. «Պատմության և հուշարձանների պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» գործող օրենքի (12.12.1998թ.) 8 և 13 հոդվածների համաձայն` անշարժ հուշարձանների պետական ցուցակները հաստատում է կառավարությունը՝ լիազոր մարմնի ներկայացմամբ: 1992թ. ապրիլի 12-ի՝ «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» Երքաղգործկոմի որոշումը Երևան քաղաքի գործադիր կոմիտեի կողմից 2000թ. օգոստոսի 30-ին ընդունված թիվ 1137 որոշմամբ չեղյալ անելու գործընթացը որևէ կապ չունի այդ ընթացքում Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանի լիազորությունների հետ: Սույն որոշումը ծնվել է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական ծառայությունների համապատասխան զեկուցագրի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջներին գործող նորմատիվ ակտերը համապատասխանեցնելու գործընթացների համատեքստում:

2. Երևանի քաղաքապետարանը 2000թ. դիմել է կառավարությանը և 2001թ. կառավարության համապատասխան որոշում է ընդունվել Երևանի նոր գլխավոր հատակագիծ մշակելու համար: Այդ համատեքստում էլ մշակվել է Երևանի պատմամշակութային հիմնավորման նոր նախագիծ, որը 2005թ. հաստատվել է կառավարության կողմից: Ինչ վերաբերվում է հուշարձանների ցուցակին կամ կատարված փոփոխություններին, այն ՀՀ-ում և՛ խորհրդային տարիներին, և՛ հետագայում էլ բացառապես կառավարության լիազորությունն է, այլ ոչ թե՝ Երքաղգործկոմինը:

3. Անդրադառնալով խնդրո առարկա դիմում-հայտարարության տեքստում նշված ինձ անծանոթ 25 հուշարձան-շենքերի հետ իմ ունեցած «առնչությանը», կարող եմ պնդել, որ իմ պաշտոնավարման տարիներին Հյուսիսային պողոտայի տարածքում մշակույթի նախարարությունից ստացված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը պողոտայի տարածքում արտացոլել է 3 կամ 4 հուշարձան, որոնցից մեկը՝ ՀՀԿ հուշարձան-շենքը իմ գործունեության շրջանում օրենքով սահմանված կարգով ապամոնտաժվել և ամբողջապես վերակառուցվել է Մելիք Ադամյան փողոցում երկու տարի անց` 2004-ին: Ներկայիս «Արարատ» բանկի տեղում գտնվող հուշարձան-շենքի, Պուշկինի 28 շենքի, ինչպես նաև՝ Աբովյան փողոցի պատմական շենքի (այժմ՝ վերակառուցված) ապամոնտաժումը իմ գործունեության տարիներին չի առնչվում: Խորենացի փողոցում, Շահումյան հրապարակում նախկին Դումայի շենքը ևս օրենքով սահմանված կարգով և համաձայն Երևանի գործող գլխավոր հատակագծի ապամոնտաժվել է` Երևանի Իտալիայի փողոցը կառուցելու համար: Հետագայում` 2009-2010 թթ. իմ նախաձեռնությամբ այդ շենքի ամբողջ ճակատը վերականգնվել է Մելիք-Ադամյան փողոցում կառուցվող ՀԲԸՄ շենքում: Կառավարության որոշմամբ հաստատված՝ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նոր ցուցակի կամ 14 հուշարձանների տեղափոխման վերաբերյալ որոշումներն ինձ հետ չեն առնչվել և ես այդ գործընթացին չեմ մասնակցել, քանի որ շուրջ կես տարի արդեն Երևանի քաղաքապետարանում չէի աշխատում: Ընդ որում, շեշտեմ՝ ոչ միայն այդ շենքերի հետ չեմ առնչվել, այլ նաև «Սևան» հյուրանոցի, Սպայի տան, նրա հարևանությամբ՝ Դիլանյանցների շենքի, որոնց վերաբերյալ նույնպես տարիներ շարունակ Նարեկ Սարգսյանի անունն է շահարկվում:

4. Նախագծերի մասին. Երևանի Հյուսիսային պողոտայի նախագծերի հետ կապված 2001թ. Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվել է հեղինակային խումբ, որը ղեկավարել եմ ես. խմբում ընդգրկված էին շուրջ մեկ տասնյակ ճարտարապետներ, որոնք բոլորը կառուցապատման նախագծերի հեղինակներ են: Եվ հետագայում արդեն ես, ինչպես նաև նշված բազմաթիվ ճարտարապետները՝ որպես անկախ ստեղծագործական միավորներ, մշակել ենք Հյուսիսային պողոտայի տարբեր հատվածները: Ինչ վերաբերում է պաշտոնավարման ընթացքում իմ կողմից հեղինակած նախագծերին, ապա վստահեցնում եմ, ինչը կվկայեն բոլոր ինձ ճանաչողները, արժանապատվությունս երբեք թույլ չի տվել պաշտոնատար դիրքով պայմանավորված որևէ նախագիծ անել, հակառակը՝ մի քանի տասնյակ ճարտարապետներ, այդ թվում նաև՝ այսօր լրատվամիջոցներով ընդդիմադիր կեցվածք որդեգրած անձինք, աշխատել են տարբեր կառուցապատողների հետ իմ իսկ երաշխավորությամբ: Եթե պետական պաշտոն չզբաղեցրած տարիներին (2004-2008) մեր արվեստանոցում 3 տասնյակ նախագծեր են մշակվել, ապա պետական պաշտոնյա լինելու 5 տարիների ընթացքում արվեստանոցում մշակվել են ընդամենը մի քանի շենքերի նախագծեր, որոնք բացառապես պայմանավորված են այդ կառույցների առանձնահատկություններով: Նման նախագծերը (ինչպիսին են՝ ՀՀ նախագահի նստավայրի նորակառույց մասնաշենքը (Բաղրամյան 26)՝ համահեղինակ Ա.Վարդանյան, Սևանի թերակղզու պետական ամառանոցում ընդունելությունների տունը, Հայ ընդհանուր Բարեգործական Միության կենտրոնական գրասենյակը (համահեղինակ` Արիս Ադամյան, Ֆրանսիա, Հայաստանի հանրապետական կուսակցության նոր մասնաշենքի և համալիրի վերակառուցումը, Վ.Սարգսյան փ. N3 հասցեում Կառավարական վարչական շենքերի համալիրը), տարբեր տարիներին ևս վստահվել են հենց գլխավոր ճարտարապետներին: Իսկ որոշ նախագծեր, այդ թվում՝ նաև Շառլ Ազնավուրի կեցավայրը Երևանում, Թամանյանի թմբուկի կամ մետրոյի հարևանությամբ հյուրանոցի նախագծերը չեն ունեցել որևէ պայմանագիր և իմ կողմից մշակվել են կամավոր հիմունքներով: Ինչ վերաբերում է ԱՕԿՍ-ի շենքի հետ կապված մտահոգություններին, ապա և՛ Երևանի քաղաքապետարանը, և՛ մշակույթի նախարարությունը բազմիցս հաստատել են, որ հարակից հյուրանոցի շինարարությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: ԱՕԿՍ-ի շենքում կառուցապատողի կողմից մշակույթի նախարարության տրամադրած հանձնարարականի համաձայն կատարվել են ուժեղացման աշխատանքներ: Ինչ վերաբերում է հյուրանոցի նախագծին, այն իմ կողմից մշակվել է դեռ 2007-ին Հյուսիսային պողոտայի այլ շենքերի հետ միաժամանակ, սակայն նախագիծը չի համաձայնեցվել, քանի որ տարածքում կային բազմաթիվ դեռևս չիրացված շինություններ: Ի դեպ, Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը 2011-ից հայեցողական պաշտոն է, այլ ոչ թե՝ համայնքային ծառայության պաշտոն՝ ինչպես լրատվամիջոցներին և հանրությանը ներկայացնում են Թրանսփարենսի ինթերնեյշընլ հ/կ իրավաբանները, բայց եթե անգամ լիներ համայնքային ծառայության պաշտոն, ապա «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի համաձայն այն զբաղեցնող անձը իրավունք ուներ զբաղվելու ստեղծագործական, գիտական և մանկավարժական գործունեությամբ:

5. Այս ամբողջ պատմությունը տարիներ շարունակ ոչ անհայտ ուժերի կողմից իմ գործունեությունը վարկաբեկելուն ուղղված հերթական ակցիան է, որն առնչվում է և՛ Հանրապետության հրապարակի մրցույթի, և իմ կողմից նախաձեռնած բազում այլ ծրագրերի հետ: Միտումնավորությունն ակնառու է: Այլապես ինչով է բացատրվում, որ իմ պաշտոնավարման շրջանում գլխավոր ճարտարապետին վերագրվում է և՛ իրավաբանի, և քաղաքապետի, և՛ կառավարության որոշումների լիազորություններ և պատասխանատվություն, իսկ երբ արդեն Ն. Սարգսյանը չէ գլխավոր ճարտարապետը, ապա հաջորդ յոթ տարիների գլխավոր ճարտարապետների անունները կամ գործողությունները այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն, ուստի այստեղ արդեն հղում է կատարվում բացառապես քաղաքապետների կամ կառավարության որոշումների վրա: Ցավում եմ, որ տարիներ շարունակ անձնական հաշիվներ հետապնդող մի շարք ճարտարապետ-փորձագետներ այժմ էլ Սոնա Այվազյանին են ներքաշել այս պատմությունների մեջ, քանի որ ժամանակին նրա հետ շփվելով հավատացել եմ իր քաղաքացիական դիրքորոշմանն ու ազնվությանը:

Մեկնաբանել