Ֆրանսիան ունի լրտեսման սեփական համակարգը․ Le Monde

Ֆրանսիական Le Monde պարբերականը լրագրողական հետաքննություն է իրականացրել և պարզել է, որ Ֆրանսիան նույնպես ունի միջազգային կոմունիկացիների գաղտնալսման համակարգ՝ նման ամերիկյան PRISM-ին։

Լրագրողները նշում են, որ ֆրանսիական հետախուզական գործակալությունները «զավթում» և ձայնագրում են հսկայական քանակությամբ հեռախոսազանգեր, տեքստեր և էլեկտրոնային հաղորդագրություններ՝ ուղարկված արտասահմանից։ Այս համակարգը գործում է գաղտնի և անօրինական։ Ֆրանսիական համակարգն ուղղված է ահաբեկչական կազմակերպությունների հայտնաբերմանը, սակայն նրա օգնությամբ կարելի է լրտեսել՝ ում ասես, նշում է Le Monde-ը։

Հուլիսի 3-ին Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Փարիզը ցանկանում է ժամանակավորապես հետաձգել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը՝ որպես պատճառ նշելով երկու երկրների միջև հարաբերությունների բարդացումը ամերիկյան հետախուզական ծառայությունների՝ եվրոպական գրասենյակների գաղտնալսման վերաբերյալ տեղեկատվության ֆոնին։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Վաշինգտոնից պահանջել էր «անմիջապես դադարեցնել լրտեսումը»։ Նա հայտարարել էր, որ ոչ մի ոլորտնում չեն կարող լինել որևէ բանակցություններ կամ գործարքներ այնքան ժամանակ, քանի դեռ չեն լինի լրտեսման դադարեցման երաշխիքներ։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին բրիտանական Guardian պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթուղթը, գրել էր ինտերնետային ընկերությունների և սոցցանցերի օգտատերերի էլեկտրոնային լրտեսման PRISM կոդային անունով գաղտնի ծրագրի մասին, որն իրականացնում են ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն ու Ազգային անվտանգության գործակալությունը։ Այս կառույցները մի քանի տարի է՝ ուղղակի մատչում ունեն Microsoft, Yahoo, Google, Facebook, Skype, YouTube, PalTalk, AOL և Apple ընկերությունների սերվերների նկատմամբ։

Մեկնաբանել