Թեղուտի բնակիչները փակել են դեպի հանք տանող ճանապարհը

Լուսանկարը` ականատեսի

Հուլիսի 5-ին` առավոտյան ժամը 8:00-ից, Թեղուտ գյուղի մոտ 200 բնակիչներ փակել են դեպի հանքավայր տանող ճանապարհը՝ չթողնելով, որ հանքի աշխատողները հասնեն աշխատատեղ: Բնակիչների հիմնական բողոքի պատճառը դեպի մատուռ գնացող ճանապարհին վերջերս հայտնված դարպասներն են և հսկվող անցակետը, որը տեղադրվել է Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս» ընկերությանը պատկանող «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից: Նոր կարգի համաձայն` սրբավայրին մոտենալու համար գյուղացիները պետք է անձնագիր ներկայացնեն անցակետում և հսկիչ ծառայության կողմից հավանություն ստանան:

Բնակիչների հետ բանակցելու են եկել ոստիկանության աշխատակիցներն ու «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանը: Բանակցությունների ընթացքում բնակիչները առաջ են քաշել հետևյալ պահանջները՝

1. Հանել դեպի մատուռ տանող դարպասները և իրենց ելքն ու մուտքը չխոչնդոտել այդ տարածքում:

2. Դադարեցնել ծառահատումը:

3. Փոշու դեմն առնել, որն առաջանում է անընդհատ երթևեկող, բեռնատար և աշխատանքային այլ մեքենաների պատճառով: Գյուղացիների խոսքով՝ փոշու պատճառով երեկոյան դիմացի սարը չի երևում:

4. Բացել ճանապարհը դեպի գերեզմանատուն:

Ներկայում ճանապարհը դեռ փակ է, բանակցություններ են ընթանում բնակիչների, ոստիկանության և Թեղուտի հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչների միջև:

Դեպքի վայրում ականատեսի կատարած տեսագրությունը կարելի է դիտել այստեղ:

Մեկնաբանել