Երթուղիներ սպասարկողներն առաջարկում են 50-70 դրամով բարձրացնել սակագինը

Երևանի միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիները սպասարկող մի քանի ընկերություն արդեն դիմել է Երևանի քաղաքապետարան` ուղևորափոխադրման սակագները վերանայելու դիմումով։ Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ՍիվիլՆեթին ասաց, որ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպություններն առաջարկում են ներկայիս Դ100 սակագինը բարձրացնել 50-70 դրամով:

Նրա խոսքով` ավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունները որպես սակագնի վերանայման հիմնավորում նշում են, որ մի կողմից` ամռան ամսիներին տեղի է ունեցել ուղևորահոսքի կրճատում, իսկ մյուս կողմից` կազմակերպությունները շարժակազմը ձեռք է բերվել վարկային միջոցներով: Ըստ կազմակերպությունների` ներկայիս Դ100 սակագները բավարար չեն ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու և բնականոն գործունեություն ապահովելու համար:

Նավասարդյանը նշեց, որ քաղաքապատարանն առաջիկայում կքննարկի երթուղիներ սպասարկող կազմակերպությունների դիմումները և կընդունի համապատասխան որոշում:

Միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների` սակագինը վերանայելու վերաբերյալ առաջարկը պայմանավորված է հուլիսի 7-ից վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացմամբ։ Սպառողների համար սակագնի բարձրացումը հանգեցրել է ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) սեղմած գազի մոտ 23%-ով թանկացմանը։

Երևանում 63 մասնավոր կազմակերպությունների կողմից պայմանագրային հիմունքով սպասարկվում է 112 միկրոավտոբուսային երթուղի, որում շահագործվում է տարբեր մակնիշի մոտ 2,7 հազ. միկրոավտոբուս։ Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է 578 ավտոբուս, փաստացի շահագործվում է 42 երթուղի, որոնցում օրական միջին հաշվով գիծ է դուրս գալիս 370-380 միավոր շարժակազմ։

Տրանսպորտի և կապի նախարարությունից ՍիվիլՆեթին ասացին, որ միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպություններից սակագների վերանայման դիմումներ դեռ չեն ստացել։

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել