Եգիպտոսի ընդդիմությունը մերժել է Սահմանադրական հռչակագիրը

Եգիպտական ընդդիմությունը հավանություն չի տվել Սահմանադրական հռչակագրին, որի ընդունման մասին հրամանագիրը նախօրեին արձակել էր Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը, հաղորդում է BBC-ն։

Փաստաթուղթը նախատեսում է Սահմանադրական ասամբլեայի գումարում՝ երկրի հիմնական օրենքում փոփոխություններ մշակելու համար և հռչակագրի արձակման պահից վեց ամիս հետո խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Եգիպտոսում խոշորագույն ընդդիմադիր քաղաքական ուժը «Ազգային փրկության ճակատն» է, որը միավորում է երկրի լիբերալ-դեմոկրատական ուղղվածության մի շարք կուսակցություններ, որոնց գլխավորում են հասարակական հայտնի գործիչներ, օրինակ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) նախկին ղեկավար Մուհամադ ալ Բարադաին և Արաբական պետությունների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան։

Ինչպես հաղորդվում է, «Ազգային փրկության ճակատը» հայտարարել է փաստաթղթում փոփոխություններ մտցնելու անհրաժեշտության մասին։ Թե կոնկրետ ինչ փոփոխությունների մասին է խոսքը, չի հաղորդվում։

Ավելի վաղ Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդ ալ Ֆաթահ Սիսին իր հայրենակիցներին կոչ էր արել զերծ մնալ «անցումային դժվարին շրջանը» (որ այժմ ապրում է երկիրը) տապալելու ցանկացած փորձից։

Միաժամանակ ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը, փորձելով ամրապնդել իր դիրքերը, վարչապետի պաշտոնում նշանակել է Հազեմ ալ Բեբլաուիին։ Վերջինս զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը 2011թ․ նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո զինվորականների նշանակած կառավարությունում։

Ադլի Մանսուրը նաև Մուհամադ ալ Բարադաիին նշանակել է փոխնախագահ։ Հիշեցնենք, որ ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավարին վարչապետի պաշտոնում նշանակելու փորձն ավելի վաղ անհաջողության էր մատնվել, քանի որ դրան խիստ դեմ էր հանդես եկել սալաֆիական «Ան Նուր» կուսակցությունը։

Վարչապետի պաշտոնում նշանակված Հազեմ ալ Բեբլաուին հայտարարել է, որ նախարարների նոր կաբինետում պաշտոններ կառաջարկի «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչներին։ Բեբլաուիի ներկայացուցիչը հստակեցրել է, որ Եգիպտոսի նոր իշխանություննրը ծրագրում են կառավարություն հրավիրել «Ազատության և արդարության կուսակցության» (որը «Մուսուլման եղբայրների» քաղաքական թևն է) մի քանի անդամների։

Ինչպես հողորդում է AFP-ն, «Մուսուլման եղբայների» ներկայացուցիչները, սակայն, հրաժարվել են Բեբլաուիի կողմից ձևավորվող կառավարության կազմի մեջ մտնելու առաջարկից։ «Մենք գործ չունենք խռովարարների հետ։ Մենք մերժում ենք նրանց բոլոր առաջարկները»,- մեջբերում է գործակալությունը շարժման ներկայացուցիչ Տարեկ ալ Մուրսիի խոսքը։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Եգիպտոսի բանակը իշխանությունից հեռացրեց երկրի նախագահ Մուհամադ Մուրսիին, ժամանակավորապես առկախեց Սահմանադրության գործողությունը և երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրին հանձնարարեց անցումային շրջանում կատարել պետության ղեկավարի պարտականությունները։

Դրանից հետո երկիրը համակեց Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև բախումների ալիք։

Մեկնաբանել