Եգիպտոս․ «Մուսուլման եղբայրների» առաջնորդի ձերբակալության հրաման է արձակվել

Եգիպտոսի դատախազությունը «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդ Մուհամադ Բադիի ձերբակալության հրաման է արձակել, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով եգիպտական պետական լրատվամիջոցները։

Մուհամադ Բադին մեղադրվում է հուլիսի 8-ին Կահիրեում բռնություն (որի հետևանքով զոհվեց ավելի քան 50 մարդ) հրահրելու մեջ։

«Մուսուլման եղբայրների» ղեկավարության մի քանի անդամներ արդեն իսկ ձերբակալված են։ Արձակվել է շարժման ևս մի քանի հարյուր առաջատար անդամների ձերբակալության հրաման։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին նվազագույնը 51 մարդ, հիմնականում՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման ակտիվիստներ, զոհվել էր Կահիրեում հանրապետական գվարդիայի զորանոցների մոտ, որտեղ ենթադրաբար պահվում է Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսին (որը նույնպես «Մուսուլման եղբայրների» անդամ է)։

Զոհվածների հարազատները բողոքել են՝ նշելով, թե իրենց իբրև խոստացել են վերադարձնել մարմինները, միայն եթե իրենք համաձայնեն դիահերձման պաշտոնական արդյունքների հետ։ Եգիպտոսի բանակի ներկայացուցիչները հայտարարում են, որ զինվորականները գործել են միայն ինքնապաշտպանության կարգով։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Եգիպտոսի բանակը իշխանությունից հեռացրեց երկրի նախագահ Մուհամադ Մուրսիին, ժամանակավորապես առկախեց Սահմանադրության գործողությունը և երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրին հանձնարարեց անցումային շրջանում կատարել պետության ղեկավարի պարտականությունները։

Հաջորդիվ երկիրը համակեց Մուրսիի կողմնակիցների ու հակառակորդների միջև բախումների ալիք։

Նախօրեին ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը վարչապետի պաշտոնում նշանակել է Հազեմ ալ Բեբլաուիին։

Հուլիսի 10-ին Եգիպտոսի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Մուհամադ Մուրսին «անվտանգ վայրում է, և որ նրան վերաբերվում են հարգանքով»։ Նա նշել է, որ «մինչ այժմ Մուրսին ոչ մի բանում չի մեղադրվել»։

Մեկնաբանել