Սյունիքի մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը

Կառավարության հուլիսի 10-ի որոշմամբ` ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, դիմելով կառավարության անդամներին, նշեց, որ բոլորն են ծանոթ Վահե Հակոբյանի հրապարակային գործունեությանը, քանի որ նա երկար տարիներ ԱԺ պատգամավոր է:

Ավելի վաղ` հուլիսի 4-ին, նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում Սյունիքի մարզպետի պաշտոնում առաջարկել էր Վահե Հակոբյանի թեկնածությունը: Առաջարկն ընդունվել էր միաձայն:

Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:

Սյունիքի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ հունիսի 6-ին սեփական դիմումի համաձայն Սուրիկ Խաչատրյանն ազատվել էր այս պաշտոնից: Ավելի վաղ նրա առանձնատան հատվածում հնչել էին կրակոցներ, որի հետևանքով մահացել էր 1970թ. ծնված Ավետիք Բուդաղյանը, իսկ 1971թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Մեկնաբանել