Թուրք լրագրողները կբողոքեն իրենց նկատմամբ կիրառվող բռնությունների դեմ

Հուլիսի 12-ին թուրք լրագրողները Ստամբուլի Թաքսիմ հրապարակում երթ կկազմակերպեն` իրենց բողոքի ձայնն արտահայտելու Գեզի այգու պայքարի ընթացքում լրագրողների դեմ կիրառված բռնությունների դեմ, հաղորդում է Radikal-ը:

Լրագրողները բողոքում են, որ Գեզի այգու համար մղվող պայքարում ոստիկանները ոչ միայն խոչընդոտել են իրենց աշխատանքը, այլև բռնություն են գործադրել և ձերբակալել լրատվամիջոցների աշխատակիցներին:

«Լրագրողների ֆորումի» տարածած հայտարարության համաձայն` թղթակիցները բողոքում են Գեզիի դիմադրության ժամանակ կիրառված բռնությունների, ճնշումների, սպառնալիքների, կամայական ձերբակալությունների, գրաքննության և լրագրողական գործունեության հետևանքով աշխատանքից ազատելու դեմ:

«Թողեք մեր գործը անենք» անունը ստացած երթը սկսվելու է Գալաթասարայից, որտեղից մասնակիցները շարժվելու են Թաքսիմ հրապարակ:

Ըստ Թուրքիայի լրագրողների արհմիության` Գեզի այգու դիմադրության ընթացքում վիրավորվել է 13, ձերբակալվել` 2 լրագրող:

Ընդ որում` Թուրքիայի լրագրողների արհմիությունն այդ ամենի պատասխանատուն է համարում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը, միության կարծիքով, շարունակ որպես թիրախ է ընտրում լրագրողներին:

Մեկնաբանել