Հայաստանում արտադրված դեղերի կեսն արտահանվում է

Հայաստանում դեղերի արտադրությունն ու արտահանումը 2013թ. հունվար-մայիսին աճել է համապատասխանաբար 29,3%-ով և 41,8%-ով: Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը հուլիսի 12-ին դեղագործական ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ համատեղ ասուլիսին ասաց, որ հաշվետու ժամանակահատվածում թողարկվել է 1,9 մլրդ դրամի դեղորայք և արտահանվել է 963 մլն դրամի արտադրանք: ԱՊՀ երկրներ է արտահանվել 632 մլն դրամի, իսկ այլ երկրներ` 331 մլն դրամի արտադրանք:

Միրզոյանի խոսքով` Արդյունաբերության զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացմանն ընթացիկ տարում կուղղվի 463,7 մլն դրամի պետական աջակցություն: Նշենք, որ Արդյունաբերության զարգացման հիմնադրամն աջակցում է Հայաստանում դեղագործության, ճշգրիտ ճարտարապետության, կոնյակագործության, գինեգործության զարգացմանն ու արտահանմանը:

Հայաստանում շուրջ 60 անուն դեղորայք արտադրող «Լիկվոր» դեղագործական ընկերության տնօրեն Սերգեյ Մաթևոսյանն էլ նշեց, որ իրենց ընկերությունը հանդիսանում է դեղարտադրության ոլորտի առաջատարը Հայաստանում և ապահովում է արտադրվող դեղորայքի 37%-ը և արտահանվողի` 36%-ը:

«Մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հետ, որի շնորհիվ մեր արտահանումն աճել է»,- ասաց Մաթևոսյանը:

Հանդիպմանը ներկա Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն էլ նշեց, որ Հայաստանը միակ երկիրն է ԱՊՀ երկրների շարքում, որն իր բյուջեից գումար է տրամադրում ոչ միայն դեղերի արտադրմանը, այլև արտահանմանը:

«Մենք ուրախ ենք, որ պետություն-մասնավոր հատված համագործակցությունը վերջապես ստացվեց»,- ասաց Սամվել Զաքարյանը:

Նա խուսափեց կանխատեսել, թե գազի թանկացումն ինչ ազդեցություն կունենա դեղորայքի գնի վրա, միևնույն ժամանակ նշեց, որ ինչպես մյուս ոլորտների, այնպես էլ դեղորայքի ոլորտի վրա գազի թանկացումը կազդի: Նույն հարցին «Լիկվոր» ընկերության տնօրենը պատասխանեց, որ նախնական հաշվարկերով` իրենց 10% դեղորայքի գները կբարձրանա 2-5%-ով:

Բանախոսները տեղեկացրեցին, որ հուլիսի 21-27-ը Հայաստանում տեղի կունենա առաջատար բժիշկների գիտապրակտիկ համաժողով:

Մեկնաբանել